ԱԺ ՔՊ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի՝ մանդատը վայր դնելու հարցը խիստ վրդովվեցրել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, ինչի մասին նա արտահայտվել է ՔՊ վարչության անդամների մոտ, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ըստ թերթի՝ Միրզոյանը թիմակիցների հետ զրույցում ասել է, որ անարդար են վարվել Զեյնալյանի հետ։ Ըստ նախարարի՝ վերջինս «զուսպ անձնավորություն է»։ Նա նշել է, որ կան պատգամավորներ, ովքեր «խայտառակ միջադեպերի կենտրոնում են հայտնվել, բայց Փաշինյանը նրանց հանդեպ բարեհաճ է գտնվում ու չի պատժում»:
Թերթի տեղեկություններով՝ Զեյնալյանը նախարարի մտերիմ ընկերն է։
Հոկտեմբերի 23-ին «Հրապարակ» օրաթերթը հայտնել էր, որ ՔՊ կուսակցության վերահսկող հանձնաժողովը հոկտեմբերի 15-ին ԱԺ-ում ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի վեճից հետո «հարցաքննության» է կանչել ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանի օգնական Ներսես Խաչատրյանին և պատգամավոր Զեյնալյանին։
Զեյնալյանը վիճաբանության օրը ելույթ էր ունեցել ու նշել, որ իր համար անընդունելի է Քյարամյանի պահվածքը, Աղազարյանի հետ անհարգալից տոնով խոսելը։ Նոյեմբերի 19-ին Զեյնալյանը դադարեցրել էր պատգամավորական լիազորությունները։