ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է հարցումներին, թե պատրաստվո՞ւմ է առաջադրվել Գյումրու քաղաքապետի պաշտոնում: Նա նշել է, որ խորհրդակցելուց հետո որոշում կկայացնի, որը կլինի հրապարակային։
«Շատ եք հարցնում, թե վարչապետի կոչից հետո առաջադրվելո՞ւ եմ արդյոք որպես հնարավոր քաղաքապետի թեկնածու, ասեմ, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռ այս պահին չեմ տիրապետում, թե ի՞նչ եղանակով, ի՞նչ միջոցներով է իրականացվելու փրայմըրիզը, չեմ կարող այդ հարցին պատասխանել»,- նշել է նա։
Ըստ սարուխանյանի՝ առաջադրման կարգը, փրայմըրիզի անցկացման եղանակն ու տրամաբանությունը հասկանալուց, ինչպես նաև ՔՊԿ Գյումրու կուսակցականների, Գյումրիում իրեն ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո կկայացնեմ որոշում։
Նոյեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածուին որոշելու համար նախնական ընտրություն (փրայմըրիզ) անցկացնելու մասին։ Քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 8-10-ը։
Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հոկտեմբերի 28-ին հրաժարական էր տվել։ Միաժամանակ՝ հրաժարական էին տվել նաև «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները։
Հոկտեմբերի 24-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն «Ազատությանը» հայտնել էր, որ իշխանությունը Գյումրիում պատրաստվում է արտահերթ ընտրությունների, և թեկնածուի հարցը հստակեցրել են։ Հոկտեբերի 29-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գյումրիի քաղաքապետի ՔՊ թեկնածուն «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Կարեն Սարուխանյանն է։
Նոյեմբերի 8-ին Գյումրիի ավագանու՝ քաղաքապետի ընտրության նիստը քվորում չլինելու պատճառով տապալվել էր։ Սարուխանյանի քեռորդի Վարուժան Խոջումյանը ՔՊ-ի Գյումրիի ավագանու անդամ Պարգև Գևորգյանի հետ նոյեմբերի 9-ին ձերբակալվել էր թմրանյութ պահելու և պատրաստելու կասկածանքով։ Նոյեմբերի 13-ին Խոջումյանը հայտարարել էր ՔՊ-ից դուրս գալու մասին։
Նոյեմբերի 20-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Սարուխանյանի՝ թմրանյութերի թեստը դրական արդյունք էր ցույց տվել։ Նոյեմբերի 22-ին Սարուխանյանը մեկնաբանել էր թմրանյութերի առկայությունն ստուգող իր թեստի դրական արդյունքի մասին լուրերը։ Պատգամավորը Facebook-ում թեստի արդյունքի լուսանկար էր հրապարակել և նշել, որ 20 նյութի վերաբերյալ տվյալներից 19-ն իր մոտ բացակայում է, իսկ 1-ը` բարբիտուրատները, առկա են։