ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականից հետո խորհրդի հաջորդ անդամը, որը կլքի կառույցը, Երանուհի Թումանյանցն է, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով դատական համակարգի իր աղբյուրներին։
Օրաթերթը Թումանյանցին հարց է ուղղել, թե կգնա՞ Անդրեասյանի հետևից, թե՞ ոչ: «Դատավորը լսեց հարցը, բազմանշանակ ժպտաց ու չպատասխանելով՝ հեռացավ»,- գրել է թերթը:
Նոյեմբերի 13-ին մամուլը գրել էր, որ ՔՊ վարչության փակ նիստում որոշել են քվեարկել ԲԴԽ թեկնածու, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի օգտին։ Նոյեմբերի 27-ին խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել էր Սիրունյանի թեկնածությունը։
Անդրեասյանը նոյեմբերի 18-ին հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր Հայաստանի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հրաժարականների պատճառը։
Նոյեմբերի 19-ին Փաշինյանը որոշումներ էր ստորագրել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին աշխատանքից ազատելու մասին։
Նոյեմբերի 22-ին վարչապետը մանրամասներ էր ներկայացրել ուժային կառուցների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հրաժարականների պատճառների մասին: Նա հայտարարել էր, որ պաշտոնյաներին փոխարինելը միանձնյա որոշում էր, և այդ հարցը թիմակիցների հետ չի քննարկել։ Փաշինյանը տեղի ունեցած կադրային փոփոխությունները որակել էր «ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային»՝ նշելով, որ բարձր է գնահատում պաշտոնյաների աշխատանքը: