ՀՀ կառավարությունը նոյեմբերի 28-ի նիստում հավանություն տվեց ԿԳՄՍ նախարարության ներկայացրած նախագծին, որով առաջարկել են փոխել Հայաստանի պետական հիմնի քառատողերի հերթականությունը։
Գործող կարգավորմամբ ՀՀ օրհներգն ավարտվում է «Ամենայն տեղ մահը մի է, մարդ մի անգամ պիտ մեռնի, բայց երանի, որ յուր ազգի ազատության կզոհվի» քառատողով։
ԿԳՄՍՆ-ն առաջարկել է նշված՝ «կզոհվի» բառով ավարտվող քառատողը շարադրել օրհներգի սկզբնական հատվածում, իսկ օրհներգն ավարտել «Նայիր նրան` երեք գույնով, նվիրական մեկ նշան, թող փողփողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան» քառատողով։
Նախարարությունն նաև առաջարկել է մարզական, մշակութային միջոցառումների ժամանակ հնչեցնել օրհներգի մեկ միասնական և կարճ տարբերակ, քանի որ այժմ նշված դեպքերում միասնական մոտեցում չկա։
«Նպատակահարմար է փոփոխություն կատարել ՀՀ օրհներգը վերադասավորել անյպես, որ ավարտվի «նայիր նրան՝ երեք գույնով, նվիրական մեկ նշան, թող փողփողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան», համապատասխան տրամաբանությամբ և ուղերձով»,- ասված է նախագծում։
ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի խոսքով՝ նախագիծն օրհներգի դինամիկա ստեղծելու նպատակով են առաջարկել։
«Առաջարկում ենք այն վերադասավորել պետական քաղաքականության տրամաբանությամբ՝ արժևորելով պետականությունը և ազատության փիլիսոփայությունը»,- ասել է նա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մասնակցել է նախագծի մշակմանը։
«Չեմ թաքցնի, ինքս որոշակի կամ ամբողջական մասնակցություն եմ ունեցել այս նախագծի ձևավորման քաղաքական մասին և կարծում եմ որ շատ կարևոր նախագիծ է»,- ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ օրհներգը պետք է ունենա որոշակի ստանդարտ։
«Շատ երկար ժամանակ չեմ հանդիպել Հայաստանի Հանրապետության օրհներգի ձևի միատեսակ կատարման: Չկա արագության ստանդարտ, տեմպի ստանդարտ, երաժշտական բառապաշարի ստանդարտ: Երբեմն ընդհանրապես տևողության, հնչողության և տեխնիկական պարամետրերի ստանդարտ չկա։ Եթե մենք միջոցառում ենք կազմակերպում, օրինակ, ջրին, գինու, բաստուրմային և սուջուխին ավելի մեծ նշանակություն ենք տալիս, ավելի շատ ուշադրություն ենք դարձնում, քան օրհներգին»,- հավելել է Փաշինյանը։
Փաշինյանը 2023-ի հունիսի 15-ին ԱԺ֊ում ասել էր, որ Հայաստանի Հանրապետության զինանշանը կապ չունի 1991 թվականին հիմնադրված Հայաստանի պետականության հետ: Փաշինյանը նաև առաջարկել էր փոխել օրհներգի վերջին տողերը, «որպեսզի այն չավարտվի զոհվելու տեսարանով»:
2023-ի հուլիսի 13-ին հայտնի էր դարձել, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ ՀՀ զինանշանի և օրհներգի փոփոխության վերաբերյալ քննարկում էր տեղի ունեցել։
2024-ի հունվարին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ՀՀ օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի։
Նոյեմբերի 4-ին Սիմոնյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը հրապարակել էին օրհներգի քառատողերի հերթականությունը փոխելու նախագիծը։