Բաքվում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Միխալ Գրեչիլոն կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի՝ հայ-ադրբեջանական սահման այցի համար, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում դիվանագետին բողոք է ներկայացվել։ Նշվել է, որ « չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացումներին՝ Դուդան այցելել է հայ-ադրբեջանական սահմանամերձ Քյարքի գյուղի մերձակայքում գտնվող տարածաշրջան և մասնակցել է հակաադրբեջանական գործողությունների՝ «Հայաստանում ԵՄ առաքելության հետ համատեղ քարոզչությանը»։
«Առաքելությունը լայնորեն չարաշահվել է որպես հակաադրբեջանական գործիք, որը հակասում է տարածաշրջանային կայունության իր հայտարարած նպատակներին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդմանը նպաստելուն։ Այս սադրանքը դեմ է Ադրբեջան-Լեհաստան հարաբերություններին, և անհրաժեշտ է խուսափել այնպիսի քայլերից, որոնք շոշափում են Ադրբեջանի օրինական անվտանգության շահերը»,- ասվում է հայտարարության մեջ։
Նոյեմբերի 25-ին Լեհաստանի նախագահը կնոջ՝ Ագատա Կորնհաուզեր-Դուդայի հետ ժամանել էր Հայաստան։ Դուդան այցելել էր հայ-ադրբեջանական սահման և ծանոթացել ԵՄ առաքելության գործունեությանը։
Նոյեմբերի 26-ին Դուդան ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Երևանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Լեհաստանը բոլոր ջանքերը կգործադրի Հայաստանին եվրոպական ընտանիքին միանալուն ավելի մոտեցնելու համար։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեհաստանի նախագահին էր ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ վերջին զարգացումները և հայկական կողմի դիրքորոշումները։
Նոյեմբերի 27-ին ադրբեջանական կողմը դժգոհություն էր հայտնել Դուդայի՝ հայ-ադրբեջանական սահման այցի կապակցությամբ՝ սպառնալով «դիվանագիտական միջոցներ» կիրառել։
ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը բնութագրում է կազմակերպությանը․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Աստանայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովից Հայաստանի բացակայությունը բնութագրում է ՀԱՊԿ-ին, հաղորդում...