Ռուսաստանի միջուկային «հովանոցը», համաձայն նորացված միջուկային դոկտրինի, առաջին հերթին՝ տարածվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների վրա, Interfax-ի փոխանցմամվ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:
«Հին դոկտրինում ևս նախատեսված այդ հովանոցը, այդ թվում՝ մեր դաշնակիցների վրա։ Նոր դոկտրինում, առաջին հերթին, խոսքը ՀԱՊԿ երկրների մասին է։ Կա առանձին լրացում, բավական կարևոր, իմ կարծիքով, այն վերաբերում է Բելառուսին»,- նշել է նա Աստանայում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի շրջանակներում։
Շոյգուի խոսքով՝ այժմ դոկտրինով սահմանված են նաև միջուկային զենքի կիրառման չափանիշները, երբ Բելառուսի դեմ ագրեսիա է իրականացվում սովորական սպառազինությամբ, և երբ վտանգված է հանրապետության գոյությունը։
Նոյեմբերի 25-ին Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել էր, որ Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք Հավաքական անվտագության պայմանագրի կազմակերպության միջոցառումներին։
Նոյեմբերի 25-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել էր, որ Հայաստանի անվտանգությունն ապահովելու հարցում ՀԱՊԿ շրջանակներում հայ-ռուսական համագործակցությանն իրական այլընտրանքներ չկան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 25-ին հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, սակայն չի արգելափակում նրա որոշումները։ Հունիսի 13-ին Փաշինյանը խորհրդարանում 2023թ․ բյուջեի կատարման քննարկմանը հայտարարել էր, որ Երևանի հաջորդ «տրամաբանական քայլը» կլինի ՀԱՊԿ-ից դուրս գալը։ Փաշինյանը վերաբերմունքը փոխելու պայման էր համարել Բելառուսի դուրս գալը կազմակերպությունից, ինչպես նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ներողությունը հայ ժողովրդից՝ 2020 թվականի պատերազմի ժամանակ Բաքվին աջակցելու խոսքերի համար։