Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարեցրած պատգամավոր Նարեկ Զեյնալյանի մանդատը փոխանցել է կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուին՝ Ալեքսանդր Ավետիսյանին։ Այս որոշումը ԿԸՀ-ն կայացրել է նոյեմբերի 29-ին կայացած արտահերթ նիստում։
ԿԸՀ-ից հավելել են, որ նոյեմբերի 29-ին ստացել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արձանագրությունն առ այն, որ ԱԺ պատգամավոր Զեյնալյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։
Հոկտեմբերի 23-ին «Հրապարակ» օրաթերթը հայտնել էր, որ ՔՊ կուսակցության վերահսկող հանձնաժողովը հոկտեմբերի 15-ին ԱԺ-ում ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի վեճից հետո «հարցաքննության» է կանչել ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանի օգնական Ներսես Խաչատրյանին և պատգամավոր Զեյնալյանին։
Զեյնալյանը վիճաբանության օրը ելույթ էր ունեցել ու նշել, որ իր համար անընդունելի է Քյարամյանի պահվածքը, Աղազարյանի հետ անհարգալից տոնով խոսելը։ Նոյեմբերի 19-ին Զեյնալյանը դադարեցրել էր պատգամավորական լիազորությունները։