Սիրիայում իրավիճակի սրմամբ պայմանավորված՝ տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան, «Արմենպրես»-ի հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ հավելելով, որ ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով ՀՀ ԱԳՆ-ն հետևում է իրադարձությունների զարգացմանը:
«Դամասկոսում ՀՀ դեսպանությունը շարունակում է իր գործունեությունն արտակարգ ռեժիմով»,- ասել է Բադալյանը։
Նրա տվյալներով՝ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը ևս աշխատանքը շարունակում է Դամասկոսից։
«Իրավիճակի հետագա զարգացումներով պայմանավորված՝ ԱԳ նախարարությունը կկայացնի համապատասխան որոշումներ››,-եզրափակել է ԱԳՆ խոսնակը:
Նոյեմբերի 27-ին սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել Սիրիայի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Դամասկոսի և Հալեպի միջև ընկած ճանապարհը, որի հետևանքով զոհվել էր շուրջ 200 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։
Ըստ AP-ի՝ նոյեմբերի 30-ին գրոհայինները ներխուժել էին Հալեպ և վերահսկողություն հաստատել Սարաքեբ քաղաքի վրա, որը գտնվում է Հալեպը Դամասկոսի և ափի հետ կապող մայրուղիների ռազմավարական խաչմերուկում: Թուրքական լրատվամիջոցները նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան հայտնել էին, որ գրոհայինները հասել են Հալեպի կենտրոնական շրջաններ, ինչպես նաև հարձակման ընթացքում գրավել Հալեպ և Իդլիբ նահանգների մոտ 70 բնակավայր։ Սիրիական բանակի ստորաբաժանումները հակահարձակման են անցել գրոհայինների դիրքերի ուղղությամբ։
Reuters-ի տվյալներով՝ Սիրիայի իշխանությունները փակել էին Հալեպի օդանավակայանը և քաղաք տանող բոլոր ճանապարհները։ Միևնույն ժամանակ՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ հանդես եկող մի շարք սիրիական խմբավորումների զինյալներ հայտնել են, որ հասել են Հալեպի կենտրոն:
ՀՀ ՊՆ-ն նոյեմբերի 30-ին հայտնել էր, որ Հայաստանի իշխանությունները որոշում են կայացրել ժամանակավորապես կասեցնել ՀՀ-ի՝ 2019 թվականից Սիրիայի Հալեպի տարածաշրջանում գործող հումանիտար առաքելության գործունեությունը։