ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել է, որ մերժել է պատգամավորական մանդատը վայր դնելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքը: Այս մասին նա հայտնել է 24news-ին։
«Իմ կյանքի ծանրագույն որոշման համար՝ ի թիվս այլ հիմնավորումների, որոնք կարող են սուբյեկտիվ լինել, հիմք է հանդիսացել երկու հանգամանք։ ԱԺ-ում լսումների ժամանակ պարոն Քյարամյանը հրապարակավ հայտարարել է, որ իրեն միջնորդել են որդուս գործով։ Այդ միջադեպի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ»,- պարզաբանել է Աղազարյանը։
Նրա խոսքով՝ մանդատը վայր չդնելու իր այս որոշումից հետո Գլխավոր դատախազը կարող է մտնել խորհրդարան ու առաջարկել իրեն զրկել անձեռնմխելիությունից։ Նա նշել է, որ ինքն ու որդին անցնում են 4 գործով, որոնցից մեկով ինքը ներգրավված է որպես վկա, մյուսներով իր կարգավիճակը չի հստակեցրել։
Ըստ Աղազարյանի, երբ պարզվի, որ մեղք չունի այն գործում, որով անցնում է, ապա հասարակության մեջ տպավորություն կստեղծվի, որ իրեն գործարք են առաջարկել, որին համաձայնել է։ Հենց սա է նրան ստիպել չընդունել վարչապետի խնդրանքը:
Աղազարյանը նշել է, որ գործը վերաբերում է մի ընկերության, որն աճուրդով մեքենա է ձեռք բերել ԱՄՆ-ից և դրանցից մեկի մեջ փոքր քանակությամբ թմրանյութ է հայտնաբերվել։ Պատգամավորի խոսքով՝ այս գործը փակված չէ և դրա մասին իրեն հիշեցնում են։
Փաշինյանն Աղազարյանին խնդրել էր մանդատը վայր դնել հոկտեմբերի 15-ին Քննչական կոմիտեի այժմ արդեն նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ ունեցած վիճաբանությունից հետո։
Նոյեմբերի 26-ին «Հրապարակ»-ը գրել էր, որ ՔՊ պատգամավորը, ով հրաժարվում էր մանդատը վայր դնել Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» վարչության պահանջով, նոյեմբերի 25-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո ասել էր՝ «Դեռ մտածելու հարցեր կան, վերջնական որոշում չունեմ»։ Նույն օրն Աղազարյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսել էր խորհրդարանի նախագահի հետ իր հանդիպման մասին։ Նա խոստովանել էր, որ «ավելի լավ էր Սիմոնյանն իրեն սպառնար, քան այն, ինչ արեց իր գլխին»՝ չպարզաբանելով Սիմոնյանի հետ զրույցի մանրամասները։
Նոյեմբերի 27-ին «Հրապարակ» թերթը գրել էր, որ Սիմոնյանը վարչապետի հրաժարականի դիմումից հետո նոյեմբերի 25-ին կայացած հանդիպմանը վիրավորել և ծաղրել էր Աղազարյանին։ Նոյեմբերի 28-ին «Հրապարակ»-ը տեղեկացրել էր, որ ՔՊ որոշ պատգամավորներ գաղտնի աջակցում են վարչապետի խնդրանքին ընդդիմացող Աղազարյանին։