ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը և «Ազգային անվտանգային վերահսկողական կոմիտե» ՀԿ-ի նախագահ Արտյոմ Թումանյանն իրենց թեկնածություններն են առաջադրել Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում:
«Այս որոշումը հիմնված է իմ մեծ պատասխանատվության զգացման վրա՝ ծառայելու մեր համայնքին և աջակցելու նրա հետագա զարգացմանը։ Հավատում եմ, որ մեր համատեղ ջանքերով կարող ենք հասնել մեծ արդյունքների՝ օգտագործելով մեր քաղաքի ներուժը, մեր տաղանդավոր մարդկանց աշխատանքն ու մեր պատմական ժառանգությունը»- Facebook-ում գրել է Առուշանյանը:
Թումանյանը հայտարարել է, որ գիտակցում է այն պատասխանատվությունը, որն իր ուսերին կվերցնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվելու դեպքում, բայց «դժվարին ու օրհասական պահերին մնալու է համաքաղաքացիների կողքին»։
Նոյեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածուին որոշելու համար նախնական ընտրություն (փրայմըրիզ) անցկացնելու մասին։ Քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 8-10-ը։
Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հոկտեմբերի 28-ին հրաժարական էր տվել։ Միաժամանակ՝ հրաժարական էին տվել նաև «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները։
Հոկտեմբերի 24-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն «Ազատությանը» հայտնել էր, որ իշխանությունը Գյումրիում պատրաստվում է արտահերթ ընտրությունների, և թեկնածուի հարցը հստակեցրել են։ Հոկտեբերի 29-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գյումրիի քաղաքապետի ՔՊ թեկնածուն ՔՊ պատգամավոր Կարեն Սարուխանյանն է։
Նոյեմբերի 8-ին Գյումրիի ավագանու՝ քաղաքապետի ընտրության նիստը քվորում չլինելու պատճառով տապալվել էր։ Սարուխանյանի քեռորդի Վարուժան Խոջումյանը ՔՊ-ի Գյումրիի ավագանու անդամ Պարգև Գևորգյանի հետ նոյեմբերի 9-ին ձերբակալվել էր թմրանյութ պահելու և պատրաստելու կասկածանքով։ Նոյեմբերի 13-ին Խոջումյանը հայտարարել էր ՔՊ-ից դուրս գալու մասին։
Նոյեմբերի 20-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Սարուխանյանի՝ թմրանյութերի թեստը դրական արդյունք էր ցույց տվել։ Նոյեմբերի 22-ին Սարուխանյանը մեկնաբանել էր թմրանյութերի առկայությունն ստուգող իր թեստի դրական արդյունքի մասին լուրերը։ Պատգամավորը Facebook-ում թեստի արդյունքի լուսանկար էր հրապարակել և նշել, որ 20 նյութի վերաբերյալ տվյալներից 19-ն իր մոտ բացակայում է, իսկ 1-ը` բարբիտուրատները, առկա են։
Դեկտեմբերի 1-ին Սարուխանյանն ինքնաառաջադրվել էր որպես Գյումրիի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու։