«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել ԱԺ նույն խմբակցության պատգամավորներ Հրաչյա Հակոբյանից և Սիսակ Գաբրիելյանից նրանց վիրավորելու համար, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ նոյեմբերի 12-ին՝ ՔՊ վարչության նիստի օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ է արտահայտվել: Նա պահանջել է Քոչարյանից կա՛մ ապացուցել, որ Գաբրիելյանն ու Հակոբյանը թմրաբիզնեսով զբաղվողների «դեղ ցրողներն են», կա՛մ ողջ խմբակցության առջև ներողություն խնդրել նրանցից վիրավորելու և զրպարտելու համար: Քոչարյանն ավելի վաղ պատգամավորներին կապել էր խաղադրույքներով և թմրաբիզնեսով հարստացող գործարարների հետ՝ անվանելով գործարարի «դեղ ցրողներ»:
«Փաշինյանը պահանջել է կուսակցական նիստերի ընթացքում բոլորի ներկայությամբ ներողություն խնդրել նաև մյուս բոլոր ՔՊ ներկայացուցիչներից, ում վիրավորել է։ Անդրանիկ Քոչարյանը, սակայն, դեռ դիմադրում է մյուսների հարցում»,- գրել է թերթը։