ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քննադատել է ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ մանդատը վայր չդնելու մասին որոշումը։ Այս մասին նրան խնդրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Համարում եմ, որ ՀՀ վարչապետը Հանրային հեռուստաընկերությամբ դիմել է նրան հրապարակայնորեն խնդրանքով, և ես չեմ կարծում, որ նման պարագայում ճիշտ չէ այդ խնդրանքն անտեսելը և մերժելը»,- ասել է Սիմոնյանը լրագրողներին:
Նա չի բացառել, որ Աղազարյանին կարող են հեռացնել խմբակցությունից։
«Կարծում եմ՝ եթե պարոն Աղազարյանն իրեն դնում է թիմից դուրս, իսկ դա թիմից դուրս դնել է, այդ թիմի հետ այլևս ճանապարհ չունի շարունակելու»,- տեղեկացրել է նա։
ԱԺ նախագահը նշել է, որ Աղազարյանի հետ առանձին զրույցի ժամանակ նրա հասցեին սպառնալիքներ չի հնչեցրել։
«Եթե սպառնում եմ, դա անում եմ տեսախցիկների առաջ։ Մեր միջև անկեղծ զրույց տեղի ունեցավ, որովհետև երբ մեկը քեզ սպառնում է, դու գիտես՝ ինչպես պատասխանել, բայց երբ անկեղծ զրուցում ես և բաց խոսում, այդ պարագայում իրավիճակը խոսակցության մասնակիցների մեջ շատ ավելի բարդ է և այլ տրամաբանության մեջ է»,- պարզաբանել է նա՝ նշելով, որ եթե ճնշում լիներ, ապա հրաժարական տված կլիներ։
Սիմոնյանն ասել է, որ եթե հայտնվի մի իրավիճակում, երբ ՀՀ վարչապետն իրեն խնդրի հեռանալ, ինքը մեկ վայրկյան անգամ չի ընդդիմանա այդ խնդրանքին։
«Առաջինը՝ գոյություն ունի սուբորդինացիա, երկրորդը՝ թիմ: Այնպես չէ, որ վարչապետն առավոտյան արթնացել է և որոշել, որ այս-այս մարդիկ պետք է տեղափոխվեն: Բոլոր մարդիկ ունենում են խնդիրներ, ստեղծում են խնդիրներ և սխալներ են անում: Անձնական սխալների կամ անձի վերաբերյալ մասին չէ խոսքը, այլ համակարգի, արդարադատության, այն իրավիճակի, որի մասին նաև մեր ընդդիմադիր գործընկերներն են բարձրաձայնում: Հաճախ նաև ճիշտ պարզաբանումներ են անում»,- հավելել է Սիմոնյանը։
Ըստ ԱԺ նախագահի՝ պատգամավորներից ոմանք չեն հասկացել, որ մանդատն իրենց քրեական գործերից չի փրկելու։
«Եթե որևէ մեկի վրա քրեական գործ կա, մանդատը չի օգնելու, չի փրկելու։ Փակե՛ք այդ թեման։ Եթե որևէ մեկը մեկից կաշառք վերցնի ու ասի՝ ես մանդատ ունեմ, որն ինձ փրկելու է, իրենք չեն հասկացել, թե որտեղ են գտնվում»,- նշել է նա։
Սիմոնյանի խոսքով՝ չի հավատում Աղազարյանի ընկերոջ գոյությանը, որն իբրև մինչև չգար ՌԴ-ից, Աղազարյանը չէր հայտնելու որոշման մասին։
«Իր Մոսկվայի ընկերը, ինձ թվում է՝ Կարլսոնի պես մի բան է, գոյություն չունի: Այդպես պրոպելլերով մի հատ ինչ-որ մեկն է՝ Մոսկվայից»,- ասել է նա:
Դեկտեմբերի 2-ին Աղազարյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու վարչապետի խնդրանքը մերժելու մասին։ Փաշինյանն Աղազարյանին խնդրել էր մանդատը վայր դնել հոկտեմբերի 15-ին Քննչական կոմիտեի այժմ արդեն նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ ունեցած վիճաբանությունից հետո։