Ռուսաստանի Պետդումայի մի շարք պատգամավորներ, Հայաստանում ձերբակալվելու մտավախությամբ, հրաժարվել են նոյեմբերի 18-ին Դիլիջանում մասնակցել ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստին, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ նախատեսված էր մի շարք ռուս պատգամավորների մասնակցությունը, սակայն նրանք հրաժարվել են մասնակցել՝ Հայաստանի կողմից վավերացված Հռոմի ստատուտի պատճառով:
«Ռուս գործընկերները ՔՊ-ին փոխանցել են, որ ո՛չ հայկական, ո՛չ ռուսական կողմն իրենց հերթին երաշխիքներ չեն տվել, որ Հռոմի ստատուտի պահանջները իրենց դեպքում չեն գործի և չեն ձերբակալվի»,- գրել է թերթը:
Արդյունքում՝ հանձնաժողովի նիստին մասնակցել են միայն ՌԴ Դաշնային ժողովի ներկայացուցիչներն ու հայկական կողմի ներկայացուցիչները, նշել է թերթը։ Այն վարել են ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ու ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը։
2023 թվականի նոյեմբերին ՄՔԴ-ն հայտնել էր, որ Հայաստանը կմիանա կառույցին 2024 թվականի փետրվարի 1-ին։ Նույն օրը Կրեմլը հույս էր հայտնել, որ Հայաստանի անդամակցությունը ՄՔԴ-ին չի ազդի ՌԴ-ի հետ հարաբերությունների վրա։
Հոկտեմբերի 3-ին Հայաստանի խորհրդարանը վավերացրել էր Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտը, որը Հայաստանն ստորագրել էր դեռևս 1998 թվականին։ Երկրի նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 14-ին ստորագրել էր կանոնադրությունը վավերացնող օրենքը։
Ավելի վաղ դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու որոշում էր կայացրել։ Վորոբյովը Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ոչ բարեկամական քայլ» էր անվանել Ռուսաստանի նախագահի նկատմամբ։ Հոկտեմբերի 3-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Մոսկվան Երևանի այս քայլը համարում է ոչ ճիշտ որոշում երկկողմ հարաբերությունների համար։