Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որին դեկտեմբերի 3-ին հեռացրել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, ԱԺ նիստում հայտարարել է ՔՊ-ից դուրս գալու մասին։
Նա նշել է, որ խմբակցությունից «մեծ ցավով» է հեռանում։
«Ցանկանում եմ ներողություն խնդրել իմ բոլոր կուսակցական ընկերներից, եթե որևէ ժամանակահատվածում իմ վարքով վնասել եմ մեր թիմի հեղինակությանը: Ես չեմ ուզում ՔՊ իմ գործընկերներին լրացուցիչ անգամ դժվար իրավիճակի մեջ գցել և քննարկել խմբակցությունից դուրս գալու իմ հարցը»,- հավելել է Աղազարյանը։
Պատգամավորը տեղեկացրել է, որ վայր է դնում լիազորությունները որպես հաշվիչ հանձնախմբի անդամ։
«Տարբեր մակարդակներում իմ անձի վերաբերյալ հայտարարությունները, արձանագրումներն ու գնահատականներ կստանան իրենց պատասխանը»,- եզրափակել է նա։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի քարտուղարությանը հանձնարարել է ապահովել Աղազարյանի՝ ՔՊ խմբակցությունից տեղափոխումը մեկ այլ տեղ:
Դեկտեմբերի 3-ին ՔՊ վարչության նիստում որոշում էր կայացվել Աղազարյանին հեռացնել կուսակցությունից։
Դեկտեմբերի 2-ին Աղազարյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու վարչապետի խնդրանքը մերժելու մասին։ Փաշինյանն Աղազարյանին խնդրել էր մանդատը վայր դնել հոկտեմբերի 15-ին Քննչական կոմիտեի այժմ արդեն նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ ունեցած վիճաբանությունից հետո:
Նոյեմբերի 26-ին «Հրապարակ»-ը գրել էր, որ ՔՊ պատգամավորը, ով հրաժարվում էր մանդատը վայր դնել Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» վարչության պահանջով, նոյեմբերի 25-ին Սիմոնյանի հետ հանդիպումից հետո ասել էր՝ «Դեռ մտածելու հարցեր կան, վերջնական որոշում չունեմ»։ Նույն օրն Աղազարյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսել էր խորհրդարանի նախագահի հետ իր հանդիպման մասին։ Նա խոստովանել էր, որ «ավելի լավ էր Սիմոնյանն իրեն սպառնար, քան այն, ինչ արեց իր գլխին»՝ չպարզաբանելով Սիմոնյանի հետ զրույցի մանրամասները։
Նոյեմբերի 27-ին «Հրապարակ» թերթը գրել էր, որ Սիմոնյանը վարչապետի հրաժարականի դիմումից հետո նոյեմբերի 25-ին կայացած հանդիպմանը վիրավորել և ծաղրել էր Աղազարյանին։ Նոյեմբերի 28-ին «Հրապարակ»-ը տեղեկացրել էր, որ ՔՊ որոշ պատգամավորներ գաղտնի աջակցում են վարչապետի խնդրանքին ընդդիմացող Աղազարյանին։