ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ Հայաստանի չմասնակցելը կազմակերպության քննարկումներին որևէ ազդեցություն չի թողնում ՀԱՊԿ արդյունավետության վրա։
Նրա խոսքով՝ այն ձևաչափը, որը կազմակերպությունը վերջերս մշակել է Հայաստանի հետ, «առաջին հերթին՝ հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության որոշումն է»։
«Հայաստանի չմասնակցելը մեր կազմակերպությունում ընթացող բոլոր հարցերի քննարկմանը չի ազդում մեր աշխատանքի արդյունավետության վրա։ Սակայն մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը մեր դաշնակիցն է, և մեր բոլոր պարտավորությունները մնում են Հայաստանի հանդեպ»,- գլխավոր քարտուղարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Նա հույս է հայտնել, որ Երևանը կշարունակի աշխատանքը կազմակերպությունում։
Նոյեմբերի 25-ին Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել էր, որ Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք Հավաքական անվտագության պայմանագրի կազմակերպության միջոցառումներին։ Նույն օրը Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարծիք էր հայտնել, որ Հայաստանի անվտանգությունն ապահովելու հարցում ՀԱՊԿ շրջանակներում հայ-ռուսական համագործակցությանն իրական այլընտրանքներ չկան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 25-ին հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, սակայն չի արգելափակում նրա որոշումները։ Հունիսի 13-ին Փաշինյանը խորհրդարանում 2023թ․ բյուջեի կատարման քննարկմանը հայտարարել էր, որ Երևանի հաջորդ «տրամաբանական քայլը» կլինի ՀԱՊԿ-ից դուրս գալը։ Փաշինյանը վերաբերմունքը փոխելու պայման էր համարել Բելառուսի դուրս գալը կազմակերպությունից, ինչպես նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ներողությունը հայ ժողովրդից՝ 2020 թվականի պատերազմի ժամանակ Բաքվին աջակցելու խոսքերի համար։