Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի այն հայտարարությունները, թե վերջինիս հեռախոսը քննիչն ավելի քան 10 օր իր մոտ է պահել, այնուհետև անձնական տվյալներով այն փոխանցել է իրեն։
«Հեռախոսս տասն օրից ավելի գտնվել է քննիչի մոտ։ Նա ասաց, թե իրենց հետաքրքրում են միայն ու միայն զանգերը, որոնք Քյարամյանի (ՔԿ նախկին ղեկավար Արիշտի Քյարամյան-խմբ․) վարույթի հետ կապ ունեն։ Ասացի, որ շատ բաներ չեմ ցանկանա կարդաք կամ հետո դա հրապարակվի։ Պարզվում է՝ իմ հեռախոսը բացել են, այնտեղից շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ։ Ես չեմ կարող ասել, թե ո՞վ է այդ նյութերը տվել վարչապետին ու ի՞նչ նպատակով։ Չգիտեմ՝ նյութերը ո՞նց են հայտնվել իր մոտ ու որքանով է դա օրենքի շրջանակներում»,- հայտարարել էր Աղազարյանը։
Աղազարյանը լրագրողներին մեկնաբանել է պետական և կուսակցական նշանակության նյութերի արտահոսքի մեղադրանքը և նշել, որ վերջին վեց տարիների ընթացքում երբևէ չի դիմել որևէ գաղտնի փաստաթղթի ծանոթանալու խնդրանքով։
Պատգամավորը հնարավոր է համարել, որ կարող է դիմել դատարան՝ վիճարկելու անձնական կյանքի անձեռնմխելիության խախտումը։
«Երևի կանենք։ Իմ փաստաբանը Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին այդ կապակցությամբ ինչ-որ բան պետք է ներկայացնի, որովհետև ես իրավաբանությունից լավ չեմ հասկանում»,- ասել նա։
Հարցին, թե ճի՞շտ էր վարչապետը, երբ անձնական տվյալներն օգտագործում էր պատգամավորին կուսակցությունից հեռացնելու համար, Աղազարյանն արդարացրել է Փաշինյանին:
«Ես վարչապետին հասկանում եմ լրիվ այլ տեսանկյունից։ Գիտեմ, որ ցանկացած իշխանություն այլասերվելու միտում ունի։ Մենք, այդ թվում՝ ես, բացառություն չենք։ Վարչապետը մեր այլասերումը կանխելու քիչ հնարավորություններ ունի։ Այդ իմաստով ես նրան լավ եմ հասկանում, բայց իրավական մանրամասների մեջ չեմ խորանում, որովհետև չեմ հասկանում»,- հավելել է նա։
Աղազարյանը նշել է, որ կուսակցությունից հեռանալուց հետո շարունակելու է քվեարկել այնպես, ինչպես «Քաղաքացիական պայմանագիրը»։ Ըստ Աղազարյանի, սակայն, 4 հայեցակարգային թեմաներ կան, որոնց վերաբերյալ իր քվեարկությունը կարող է և՛ համընկնել, և՛ չհամընկնել ՔՊ-ի դիրքորոշման հետ։ Նա նշել է, որ խոսքը խաղաղության պայմանագրի, Անկախության հռչակագրի, Սահմանադրության և առողջապահության համապարփակ ապահովագրության հարցերի մասին է։
Փաշինյանը, ելույթ ունենալով խորհրդարանում, ընդգծել է, որ իրեն ոչ թե Աղազարյանի հեռախոսն են տվել, այլ քննչական արդյունքների մասին են հայտնել։ Նրա խոսքով՝ Աղազարյանի հեռախոսը վերցնելուց հետո բացահայտել են պետական անվտանգության սպառնալիքներ պարունակող տեղեկություններ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ:
Վարչապետը հայտնել է իրադարձությունների հաջորդականությունը, որից հետո Աղազարյանի հեռախոսի տեղեկատվության մասին զեկուցել են իրեն։
«Աղազարյանի հեռախոսը քրեական գործի շրջանակներում առգրավվել է անկախ մարմնի կողմից։ Այդ անկախ մարմինն օրենքով սահմանված կարգով, համապատասխան բոլոր ընթացակարգերը և թույլտվությունն ունենալով, բոլորովին այլ գործով քննչական հանձնարարական է տվել մեկ այլ մարմնի, որն այդքան էլ անկախ չէ։ Այդ մարմինը քննչական հանձնարարականը կատարելու ընթացքում հանդիպել է տեղեկությունների, որոնք իրենց մեջ պարունակում են պետական անվտանգության սպառնալիքներ, այդ թվում՝ հակահետախուզական։ Բնականաբար, այդ պարագայում այդ մարմինը պարտավոր էր իր գործառույթների շրջանակում աշխատանք կատարել հեռախոսի տիրոջ հետ և պարտավոր էր այդ մասին զեկուցել իր վերադասին, տվյալ դեպքում՝ Հայաստանի վարչապետին»,- հավելել է Փաշինյանը։
Վարչապետը հայտարարել է, որ նա գործել է «օրենքի տառին համապատասխան»։
«Այդ տեղեկությունը կիսվել են օրենքի տառին, թույլտվություններին համապատասխան։ Ես խորհդակցել եմ բոլոր հնարավոր մարմինների հետ, ովքեր իրավասու են գնահատական տալ այդ իրավիճակին»,- ասել է նա։
Փաշինյանը հավելել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել Աղազարյանին հեռացնել սեփական շարքերից նաև հանրային բարոյականության ստանդարտները ոտնահարելու պատճառով։
«Ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ՝ նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից տված մանդատից զրկելու համար։ Բոլոր օրինական միջոցները կգործադրվեն այդ նպատակին հասնելու համար»,- ընդգծել է Փաշինյանը։
Դեկտեմբերի 3-ին ՔՊ վարչության նիստում որոշում էր կայացվել Աղազարյանին հեռացնել կուսակցությունից, դեկտեմբերի 4-ին Աղազարյանը հայտարարել էր ՔՊ խմբակցությունից դուրս գալու մասին։
Դեկտեմբերի 2-ին Աղազարյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու վարչապետի խնդրանքը մերժելու մասին։ Փաշինյանն Աղազարյանին խնդրել էր մանդատը վայր դնել հոկտեմբերի 15-ին Քյարամյանի հետ ունեցած վիճաբանությունից հետո:
Նոյեմբերի 26-ին «Հրապարակ»-ը գրել էր, որ ՔՊ պատգամավորը, ով հրաժարվում էր մանդատը վայր դնել Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» վարչության պահանջով, նոյեմբերի 25-ին Սիմոնյանի հետ հանդիպումից հետո ասել էր՝ «Դեռ մտածելու հարցեր կան, վերջնական որոշում չունեմ»։ Նույն օրն Աղազարյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսել էր խորհրդարանի նախագահի հետ իր հանդիպման մասին։ Նա խոստովանել էր, որ «ավելի լավ էր Սիմոնյանն իրեն սպառնար, քան այն, ինչ արեց իր գլխին»՝ չպարզաբանելով Սիմոնյանի հետ զրույցի մանրամասները։
Նոյեմբերի 27-ին «Հրապարակ» թերթը գրել էր, որ Սիմոնյանը վարչապետի հրաժարականի դիմումից հետո նոյեմբերի 25-ին կայացած հանդիպմանը վիրավորել և ծաղրել էր Աղազարյանին։ Նոյեմբերի 28-ին «Հրապարակ»-ը տեղեկացրել էր, որ ՔՊ որոշ պատգամավորներ գաղտնի աջակցում են վարչապետի խնդրանքին ընդդիմացող Աղազարյանին։