Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական էսկալացիայի հիմքեր չկան և հայտնել, որ շուտով կշարունակվի սահմանազատման գործընթացը։
Նա բացառել է հայկական կողմի ցանկացած քայլ, որը կարող է հրահրել տարածաշրջանում իրավիճակի ապակայունացում՝ մեկնաբանելով ադրբեջանական մամուլում հրապարակումները, թե իբր Հայաստանի իշխանությունները ներքաղաքական շահերից ելնելով՝ ծրագրում են «փոքր հաղթական պատերազմ» Ադրբեջանի դեմ։
«Ցանկացած դիտորդ կարող է տեսնել, որ, ընդհակառակը, ներքաղաքական նկատառումներից ելնելով՝ ձեռնտու է մեզ՝ իշխող թիմին և կոնկրետ ինձ, որ տարածաշրջանում իրավիճակը կայուն լինի։ Այս հրապարակումները ցույց են տալիս, որ կան ուժեր, որոնք շահագրգռված են իրավիճակի ապակայունացմամբ»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը, ի պատասխան սրան, չպետք է ենթարկվի որևէ սադրանքների և անընդհատ բացատրի իր դիրքորոշումը։
«Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունենք, որովհետև, ըստ էության, քաղաքական մակարդակում ևս մեկ իրավական քայլ ենք արել և ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Նույնիսկ պայմանավորվել ենք, և մեր Ազգային ժողովը վավերացրել է սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքների կանոնակարգը։ Առաջիկայում մենք պետք է փոխադարձ համաձայնությամբ սկսենք դելիմիտացիայի գործընթացընթաց», – ասել է Փաշինյանը։