Կառավարության դեկտեմբերի 5-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ խոշորացված Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանն Արմավիրի մարզպետ է նշանակվել։
Նոյեմբերի 22-ին «Հրապարակ» օրաթերթը հայտնել էր, որ Դավիթ Խուդաթյանի՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում իշխանությունները դիտարկում են Մեխակյանի թեկնածությունը։
Մեխակյանն ազատամարտիկ Մեխակ Մեխակյանի որդին է, որը 2018 թվականի խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» խմբակցության ցուցակով պատգամավոր էր ընտրվել։
2020-ի 44-օրյա պատերազմից հետո նա վայր էր դրել մանդատը՝ հայտարարելով, որ «այն, ինչ պատահել է Արցախի հետ, համարել և համարում է նախ և առաջ իր անձնական և ընտանեկան ողբերգությունը»։
«Ինչպես յուրաքանչյուր հայ, ես նույնպես չեմ կարող հաշտվել այս իրողության հետ»,- հայտարարել էր նա:
Մանդատը վայր դնելուց կարճ ժամանակ անց՝ 2020-ի դեկտեմբերին, Մեխակյանը Փաշինյանի որոշմամբ Արմավիրի մարզպետի տեղակալ էր նշանակվել։
Փաշինյանը նոյեմբերի 20-ին հայտնել էր, որ Խուդաթյանը կնշանակվի ՏԿԵ նախարար։ Ավելի ուշ կառավարության որոշմամբ Խուդաթյանն ազատվել էր մարզպետի պաշտոնից։ Նոյեմբերի 21-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Խուդաթյանը ՏԿԵ նախարար էր նշանակվել։
Նոյեմբերի 18-ին վարչապետը նշել էր Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների պատճառը։