Հայաստանում տաքսու վարորդները երեք ամսում 23 միլիոն դրամի ՀԴՄ են գեներացրել ՀՀ կառավարության կողմից տաքսիների նկատմամբ ՀԴՄ գերներացնելու պահանջի իրագործումից հետո, դեկտեմբերի 5-ի կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հիշեցրել է, որ իշխանությունները տաքսու վարորդների համար նոր կանոններ էին մտցրել 2024 թվականի սեպտեմբերից։
Ըստ նրա՝ դա վկայում է, մոտավորապես, 27-29 միլիոն դրամի շրջանառության մասին: Փաշինյանի խոսքով՝ թիվն աճողական էր՝ առաջին ամսում մոտավորապես 5 միլիոն դրամ էր, իսկ հետո՝ երեք ամսվա տվյալներով, աճել է մինչև 23 միլիոն:
«Չգիտեմ՝ ՊԵԿ-ում զարմացած են, թե ոչ, բայց ես զարմացած եմ։ Մարդիկ համագործակցային են տրամադրված, ինչը շատ էական և կարևոր հանգամանք է»,- նշել է նա։
Փաշինյանը հավելել է, որ նոր կարգավորումն իր կիրառման սկզբում մտահոգություն է առաջացրել իշխանությունների և քաղաքացիների շրջանում, սակայն արդյունքը ցույց է տվել, որ որոշումը ճիշտ է։
«Պետությունը, այո՛, միշտ էլ ունի լծակներ և հարկադրանքի գործիքներ, բայց դա երբեք նպատակ չէ, ընդհակառակը: Այդ որոշումները կամ ծրագրերը, որոնք իրականացվում են ներառականության և ոչ թե հարկադրանքի սկզբունքով, բոլորովին այլ էֆեկտ ունեն պետության, նաև հասարակական հարաբերությունների վրա: Մենք անընդհատ ուզում ենք ընդգծել համագործակցային տրամաբանությունը, որն աշխատելու ճիշտ մոտեցումն է»,- ընդգծել է նա։
2024 թվականի սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայության ոլորտում սկսել էին գործել նոր կարգավորումներ, ըստ որոնց՝ տաքսի ծառայություններ մատուցող կազմակերպությունները և անհատները պետք է հարկ վճարեն և ուղևորներին էլեկտրոնային ՀԴՄ կտրոններ տրամադրեն։
Փորձագետն Armenia Today-ի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ կառավարության որոշումը չի կարող ուղևորափոխադրումների ծառայության թանկացման հիմք հանդիսանալ։
ՊԵԿ-ը հայտնել էր, որ տաքսի ծառայություն մատուցող անհատ վարորդների համար մշակվել է My tax բջջային հավելվածը։
Օգոստոսի 30-ին Armenia Today-ը հետաքրքրվել էր վարորդներից, թե ինչպե՞ս են գնահատում նոր օրենքը, ի՞նչ ռիսկեր են տեսնում և արդյոք, իրենց կարծիքով, ծառայությունն ուղևորների համար կթանկանա՞, թե՞ոչ։