ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը չի ցանկացել զբաղեցնել հանձնաժողովի նախագահի պաշտոնը, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ Բադալյանը, որն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով պետք է հանձնաժողովի նախագահ դառնար, հրաժարվել է զբաղեցնել այդ պաշտոնը մանդատը վայր դրած, հանձնաժողովի նախկին նախագահ Նարեկ Զեյնալյանի հետ մտերիմ լինելու պատճառով։
Թերթին հայտնի է դարձել նաև, որ Բադալյանը նեղ շրջանակում ասել է, որ «ի համերաշխություն Զեյնալյանի՝ ինքն էլ է վայր դնելու մանդատը, սակայն Զեյնալյանը հորդորել է նման քայլի չգնալ»։
Դեկտեմբերի 5-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում առաջադրել էր Առողջապահության նախարարության նախկին ղեկավար, կուսակցական զինակից պատգամավոր Արսեն Թորոսյանին։
Զեյնալյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով նոյեմբերի 19-ին հրաժարական էր տվել՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՀՀ քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քարամյանի մասնակցությամբ վեճից հետո։