«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ ներկայացուցիչներ դժգոհ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՔՊ նախկին կուսակից, պատգամավոր Հովիկ Աղազարյանի նամակագրության բացահայտումից, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանն անձամբ է կարդացել հեռախոսի պարունակությունը և փորձել է նրան ստիպել վայր դնել մանդատը։
«Փաշինյանը ոչ միայն անձամբ է քչփորել պատգամավորի հեռախոսը` չունենալով դրա իրավունքը, հետո դրա պարունակությունը վարչության հետ է քննարկել, անձամբ կտորներ կարդացել այդ նամակագրությունից։ Վերջում էլ հեռախոսային «պերեպիսկաները» տպել է և տրցակներով ուղարկել ՔՊ պատգամավորներին, որ բոլորը կարդան»,- պնդում է լրատվականը։
Թերթը նշել է, որ ՔՊ-ի արական սեռի ներկայացուցիչներից շատերը հրաժարվել են կարդալ նամակագրությունը։
«Փոխարենը` ՔՊ-ի կանայք ուշադիր ընթերցել են 18+ նամակագրությունը, մանավանդ՝ սորոսական թևի ներկայացուցիչները, որոնք իրենց առաջադեմ են համարում»,- պարզաբանել է թերթը։
Լրատվականը հավելել է, որ Աղազարյանը դեկտեմբերի 5-ին չի հերքել, որ «իր հեռախոսում 18+» նամակագրություն կար։
Փաշինյանն Աղազարյանին խնդրել էր մանդատը վայր դնել հոկտեմբերի 15-ին Քյարամյանի հետ ունեցած վիճաբանությունից հետո: Դեկտեմբերի 2-ին Աղազարյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու վարչապետի խնդրանքը մերժելու մասին։ Դեկտեմբերի 3-ին ՔՊ վարչության նիստում որոշում էր կայացվել Աղազարյանին հեռացնել կուսակցությունից, դեկտեմբերի 4-ին Աղազարյանը հայտարարել էր ՔՊ խմբակցությունից դուրս գալու մասին։ Նույն օրը Աղազարյանը հայտնել էր, որ իր հեռախոսը քննիչն ավելի քան 10 օր իր մոտ է պահել, այնուհետև անձնական տվյալներով այն փոխանցել է Փաշինյանին: Վարչապետը հերքել էր Աղազարյանի այդ հայտարարությունը: