Լիբանանի հետ Սիրիայի սահմանային անցակետում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են շիական «Հեզբոլլահ» շարժման զենքի պահեստավորման վայրերի և մաքսանենգ ճանապարհների վրա, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Այդ երթուղիները «Հեզբոլլահի» կողմից օգտագործվել են զենք պահելու և մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
Ըստ կայքի՝ Իսրայելի պաշտպանության բանակը պնդում է, որ Հեզբոլլահը «սիրիական ռեժիմի աջակցությամբ օգտագործում է քաղաքացիական ենթակառուցվածքներն ահաբեկչական հարձակումներ իրականացնելու և զենք տեղափոխելու համար»:
Բանակը զգուշացրել է, որ «կշարունակի գործել Իսրայել պետությանն սպառնացող ցանկացած սպառնալիք վերացնելու համար, որը խախտում է հրադադարի համաձայնագրի դրույթները» Լիբանանում։
Դեկտեմբերի 2-ին Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է մոտոցիկլետին Լիբանանի հարավում գտնվող Մարջայուն քաղաքում, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել էր։ Նույն օրը լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման զինյալները զինադադարից հետո առաջին անգամ երկու հրթիռ էին արձակել Իսրայելի հյուսիս։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրթիռային հարձակումն անվանել էր «հրադադարի կոպիտ խախտում» և խոստացել «ուժեղ» պատասխան տալ։
Լիբանանի խորհրդարանի ղեկավար Նաբիհ Բերրին հայտարարել էր, որ Իսրայելը հրադադարը խախտել է 54 անգամ։ Բերրին կոչ էր արել դադարեցնել հրադադարի խախտումները, իսկ Իսրայելին դուրս բերել իր զորքերը Լիբանանի տարածքից: Ըստ բանախոսի՝ «իսրայելական բուլդոզերները շարունակում են քանդել սահմանամերձ գյուղերի տները, հրետանայինները գնդակոծում են տարածքը, իսկ ինքնաթիռները թռչում են լիբանանյան տարածքի խորքերը»։
Նոյեմբերի 26-ին Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հաստատել էր Լիբանանում հրադադարի համաձայնագիրը։ Կարճ ժամանակ անց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև պայմանավորվածությունները ներառում են լիբանանյան ուժերի վերահսկողությունն իրենց տարածքի նկատմամբ՝ 60 օրվա ընթացքում: Հայաստանը ողջունել էր Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը: