Հայաստանի եվրոպական ուղղվածությունը բնական ընտրության արդյունք է, այն բխում է մեր պետության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգից, ողջունելով Երևան ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի մասնակիցներին՝ ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հայաստանը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մաս է կազմում՝ հիմնված ընդհանուր արժեհամակարգի և ուրույն պատմամշակութային ժառանգության վրա: Եվրոպայի խորհուրդը Հայաստանի համար կարևոր գործընկեր է հանդիսանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման նպատակով։ Մեր համատեղ ջանքերի արդյունքները տեսանելի են և անշրջելի»,- ասել է Սիմոնյանը։
Նա ընդգծել է, որ «երկրում ընթացող բարեփոխումները նաև անվտանգության հենարան են Հայաստանի համար և ուղիղ փոխկապակցված են տարածաշրջանում խաղաղության հասնելուն միտված ՀՀ քայլերին»։
«Հայաստանի առջև ծառացած են թե՛ անվտանգային, թե՛ հումանիտար ծանր խնդիրներ: Բարձր ենք գնահատում Եվրոպայի խորհրդի մարմինների հասցեական արձագանքներն ու գործողությունները՝ ուղղված Հայաստանում հաստատված Լեռնային Ղարաբաղից փախստականների կարիքներին»,- հավելել է ԱԺ նախագահը։
Հայաստանում դեկտեմբերի 9-ին մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը, որի շրջանակում Հայաստան է ժամանել նաև ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Խացիվասիլիու-Ծովիլիսը: