Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը պետք է քննարկել քաղաքական հարթակի վրա, ոչ թե իրավական, հայտարարել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Վերադարձի հարցը, երևի թե, քաղաքական հարթակում քննարկվող հարց է։ Իրավական գործընթացներն ավելի շատ երաշխավորում են այնտեղ պահվող անձանց նկատմամբ իրավական երաշխիքների ապահովում»,- ասել է նա։
Կիրակոսյանը նշել է, որ հայ գերիների վերադարձն ապահովելու պահանջը նախկինում բարձրացվել է միջազգային ատյաններում, սակայն մերժվել է։
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ եթե խաղաղության պայմանագիր կնքվի, Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձության սկզբունքով կարող են հետ կանչել իրենց պահանջները միջազգային ատյաններից։
«Չեմ ուզում արտահայտել իմ դիրքորոշումը, որովհետև կստացվի՝ մեկնաբանում եմ։ Ավելի ճիշտ կլինի՝ այս պահի դրությամբ զերծ մնալ»,- պատասխանել է Կիրակոսյանն այն հարցին, թե իրո՞ք վիճաբանություն է ունեցել վարչապետի հետ այն պատճառով, որ նա դեմ է հայցերի վերադարձին, ինչպես գրել էր մամուլը։ Իսկ վարչապետի դիրքորոշման շուրջ պատասխան ստանալու համար Կիրակոսյանը կոչ է արել կապ հաստատել ԱԳՆ-ի հետ։
Կիրակոսյանը շեշտել է, որ այս պահին Երևանը չունի միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերը հետ վերցնելու որոշում, նա շարունակում է համապատասխան ընթացակարգերով պահանջվող քայլերը՝ դրանց քննարկումն ապահովելու համար, եզրափակել է Կիրակոսյանը։
Նոյեմբերի 23-ին Փաշինյանը հայտարարել էր, որ եթե Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքվի, Երևանը պատրաստ է փոխադարձության սկզբունքով հրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային պահանջներից։