ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ մանդատը վայր դնելու պահանջի նախաձեռնողներից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն է, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ հոկտեմբերին Աղազարյանն իր տված հարցազրույցում Հակոբյանի մտերիմ, բլոգեր Ռոման Բաղդասարյանին անվանել էր «ստոր մարդ»: Նա նշել էր, որ չգիտի, թե նա ինչպե՞ս է «հայտնվել Հակոբյանի հրավիրած հավաքին»։
Անդրադառնալով Բաղդասարյանի խոսքերին, թե Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը «պետք է սատկի Բաքվի բանտում», Աղազարյանն ընդգծել է․ «Անգամ եթերային բառերս չեն հերիքում, որ գնահատական տամ նման մարդուն», պարզաբանել է թերթը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աղազարյանին խնդրել էր մանդատը վայր դնել հոկտեմբերի 15-ին՝ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ ունեցած վիճաբանությունից հետո: Դեկտեմբերի 2-ին Աղազարյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու վարչապետի խնդրանքը մերժելու մասին։ Դեկտեմբերի 3-ին ՔՊ վարչության նիստում որոշում էր կայացվել Աղազարյանին հեռացնել կուսակցությունից, դեկտեմբերի 4-ին Աղազարյանը հայտարարել էր ՔՊ խմբակցությունից դուրս գալու մասին։
Աղազարյանը դեկտեմբերի 4-ին լրագրողներին հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն առգրավել է իր հեռախոսը քրեական վարույթի շրջանակներում, որով անցնում է որպես վկա։ Նրա տեղեկություններով՝ դրանից հետո տվյալները հայտնվել էին Փաշինյանի ձեռքին, իսկ ավելի ուշ ՔՊ վարչության նիստում նա հրապարակել էր Աղազարյանի անձնական կյանքի մի շարք դրվագներ, նամակագրություններ։
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նա հայտարարել էր, որ «Աղազարյանի հեռախոսը վերցնելուց հետո բացահայտել են պետական անվտանգության սպառնալիքներ պարունակող տեղեկություններ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ»։ Դեկտեմբերի 9-ին դատախազությունն Աղազարյանի կողմից արտահոսքեր կազմակերպելու հրապարակումն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե։