Հայաստանի Հանրապետությունում՝ Երևանի Բաղրամյան պողոտայում գտնվող Սիրիայի Հանրապետության դեսպանատունը բարձրացրել է ընդդիմության դրոշը, հաղորդում է Armenia Today-ի թղթակիցը:
Սիրիական ընդդիմության դրոշը, որը բարձրացվել է Երևանում, նախորդ դրոշից տարբերվում է գունային գամմայով՝ կանաչ, սպիտակ, սև գույներով է՝ երեք կարմիր աստղով։ Գույները խորհրդանշում են արաբական աշխարհի պատմության կարևոր ժամանակաշրջանները: Կանաչը խորհրդանշում է առաջին Իսլամական պետությանը (կոչվում էր Արաբական խալիֆայություն), սպիտակը հզոր Օմեյադների դինաստիայի խորհրդանիշն է, որը ղեկավարում էր խալիֆայությունը՝ 661-750 թվականներին, սևը Աբբասյան դինաստիայի խորհրդանիշն է, որը հետևում էր Ումայադներին:
Սիրիայի դրոշը երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի օրոք կարմիր, սպիտակ, սև գույներով էր՝ երկու կանաչ աստղով:
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։
Դեկտեմբերի 8-ին զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Սիրիայի նկատմամբ։ Նույն օրը ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է Սիրիան։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը թողել է պաշտոնը և լքել երկիրը։ ՏԱՍՍ-ն ավելի ուշ գրել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, ՌԴ-ն նրանց ապաստան է տրամադրել։