ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեկտեմբերի 11-ին իրենց գործընկեր Հակոբ Ասլանյանին հեռացնելուց առաջ ծաղրել ու նվաստացրել են նրան, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Թերթի տեղեկություններով՝ Ասլանյանին ՔՊ խմբակցության վերնախավը դժվար է գտել, հետո խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը թիմակիցներին տեղեկացրել է, որ Ասլանյանի հետ խոսել են ու նա կմասնակցի խմբակցության նիստին:
Նիստի ընթացքում, թերթի տեղեկություններով, խմբակցության երիտասարդ պատգամավորներն «ամոթանքի տեղատարափ են հեղել, վիրավորել, նվաստացրել են 3 պատերազմի մասնակից Ասլանյանին, որից հետո քվեարկության են դրել նրա հեռացման հարցը և միաձայն որոշել են հեռացնել»:
«Թիմակիցներն անգամ Ասլանյանի բացատրությունները չեն լսել, ընդհատել են, ծաղրել, բղավել»,- ասված է հրապարակման մեջ։
Դեկտեմբերի 11-ի կեսօրին Ասլանյանը հայտարարել էր «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցությունը մեկ ամսով դադարեցնելու մասին՝ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։ Ասլանյանն «անհիմն» էր համարել Աղազարյանին պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության արտահոսք կազմակերպելու մեղադրանքը։ Ասլանյանն ավելի ուշ հայտարարել էր, որ շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և նրա խորհրդարանական խմբակցության «լիիրավ անդամ»:
Դեկտեմբերի 11-ի երեկոյան ՔՊ-ն Ասլանյանին խմբակցությունից հեռացնելու որոշում էր կայացրել։