Դեկտեմբերին ադրբեջանցի և թուրք զինվորականների միջև ակտիվ շփումներն արարողակարգային բնույթ են կրում, Հարավային Կովկասում, այդ թվում՝ Հայաստանի դեմ պատերազմի նախապատրաստման հավանականությունն այլ գործոններով է պայմանավորված, որոնց թվում Մերձավոր Արևելքում, Սիրիայում և Իրանի շուրջ տեղի ունեցող գործընթացներն են, Armenia Today-ին ասել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
Փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչների փոխադարձ այցերն ադմինիստրադիվ բնույթի են։
«Սովորական համագործակցություն և այցեր են, որոնք 2020 թվականից սկսած ավելի ինտենսիվ են դարձել։ Այդ այցերից կարող ենք ենթադրել, որ պատերազմի նախապատրաստման վտանգ կա, բայց նման եզրակացություն անելն այդքան էլ ճիշտ չէ։ Իրականում հնարավոր ռազմական գործողությունների նախապատրաստական աշխատանքները պայմանավորված չեն այցերով։ Այդ վտանգը ոչ թե հիմա՝ դեկտեմբերին, այլ անընդհատ կա։ Բացի այդ, իրենք ոչ թե այցերով են նախապատրաստվում, այլ զորավարժություններով։ Իսկ այցերն արարողակարգային են՝ հետագա պայմանավորվածությունների և համագործակցության համար»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ այդ համագործակցությունը ներառում է համատեղ զորավարժություններ, նաև համատեղ հնարավոր ռազմական գործողություններ բոլոր այն երկրների դեմ, որոնց հետ Թուրքիան և Արբեջանն առնվազն ոչ բարի դրացիական հարաբերություններ ունեն։ Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ Հարավային Կովկասում նոր ռազմական գործողություններ սկսելու հավանականությունն ուղիղ կապ ունի Մերձավոր Արևելքում տեղի ունեցողի հետ։
«Նոր ռազմական գործողություններ սկսելու հավանականությունը կապված է նրա հետ, թե Սիրիայում ինչ զարգացումներ կլինեն, և Թուրքիան ինչպիսի դիրքավորում կունենա։ Այդ ամենից պարզ կլինի, թե մեր տարածաշրջանում ինչ իրավիճակ կլինի։ Ինչ վերաբերում է ռազմական հնարավոր գործողություններ սկսելու հավանական ժամկետներին՝ դժվար է ասել, քանի որ մենք անընդհատ պետք է սպասենք դրանց։ Ոչ թե ժամկետները, այլ իրողություններն են կարևոր։ Այսինքն, Ադրբեջանը կամ Թուրքիան ոչ թե ժամկետ են նախանշել, այլ իրենց համար կա հստակ իրադարձություն, որի դեպքում իրենք կարող են ռազմական գործողություններ սկսել։ Այդ իրադարձությունը կամ իրողությունը պայմանավորված է հենց Իրանի Իսլամական Հանրապետության գործոնով։ Երբ հասկանան, որ Իրանն այլևս իրենց համար վտանգ չի ներկայացնում և իրենց համար, այսպես ասած, արգելք չէ, իրենք կարող են ռազմական գործողություններ սկսել ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև Իրանի դեմ։ Մեծ հաշվով՝ ռազմական գործողություններ սկսելու պայմանը կապված է Իրանի թուլացման կամ հզորացման հետ»,- նկատել է նա։
Փորձագետը հավելել է, որ այս փուլում մի կողմից Իրանի զիջում է, մյուս կողմից՝ ավելի ընդարձակվում։
«Այսինքն, ներկա փուլում ազդեցության ոլորտների պայքար է ընթանում, ու ազդեցության ոլորտների վերջնական ճշգրտումից կախված՝ կարող ենք ասել, թե ինչ տեղի կունենա Հարավային Կովկասում»,- շեշտել է Հովհաննիսյանը։
Իսկ թե հայկական կողմը որքանո՞վ է պատրաստ ռազմական գործողությունների սցենարին, փորձագետը նշել է, որ նախ և առաջ պետք է հասկանալ, թե ռազմավարական ինչ գործընկերներ ունենք, և ինչպիսի ռազմական գործողություններ են։
«Ռազմական գործողությունների հետևանքները կամ արդյունքներն ուղիղ կապ ունեն ռազմավարական գործընկերների և բարեկամ երկրների հետ: Մենք պետք է փաստենք, որ նրանց շուրջ երկարատև ռազմական գործողությունները չեն բխում մեր շահերից»,- եզրափակել է փորձագետը։
Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Զիա Ջեմալ Քադըօղլուի գլխավորած պատվիրակությանը զեկուցել էր, որ «Հայաստանի վերազինումը բացասական ազդեցություն ունի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման վրա»։