Սիրիայում (Դամասկոս) ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը դեկտեմբերի 16-ին վերսկսել է իր աշխատանքները, հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։
ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ դեսպանության հյուպատոսական բաժինն աշխատում է բնականոն ռեժիմով:
«Այսօր արդեն կազմակերպվել է ՀՀ քաղաքացիների ընդունելություն: Նախապես տրամադրված թեժ գիծը՝ +963960003622, շարունակում է գործել»,- հավելել են ԱԳՆ-ից՝ նշելով, որ նախատեսվում են վերսկսել նաև Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատանքները։
ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ Հայաստանն ուշադրությամբ հետևում է Սիրիայում և նրա շուրջ տեղի ունեցող զարգացումներին։
«Հայաստանը ողջունում է Սիրիայի վերաբերյալ համատեղ կոնտակտային խմբի նախարարական հանդիպման շրջանակներում Աքաբայում արված համատեղ հայտարարությունը: Մենք ամուր կանգնած ենք բարեկամ սիրիացի ժողովրդի կողքին նրա պատմության համար այս վճռորոշ պահին, և աջակցում ենք համապարփակ ու խաղաղ քաղաքական անցումային գործընթացին՝ հաստատապես հավատալով, որ հանդուրժողականությունն ու ազգային միասնությունը Սիրիայում և ամողջ տարածաշրջանում կայունության և խաղաղության միակ ճանապարհն են»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։
Դեկտեմբերի 8-ին զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Սիրիայի նկատմամբ։ Նույն օրը ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է Սիրիան։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը թողել է պաշտոնը և լքել երկիրը։ ՏԱՍՍ-ն ավելի ուշ գրել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, ՌԴ-ն նրանց ապաստան է տրամադրել։
Դեկտեմբերի 14-ին Հորդանանում Սիրիայի հարցով հանդիպման մասնակիցները կոչ էին արել պայմաններ ստեղծել սիրիացի փախստականների կամավոր վերադարձի համար: Սիրիայի հարցով հանդիպման անդամների կազմում էին Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Իրաքը, Լիբանանը, Եգիպտոսը և ԱՄԷ գլխավոր քարտուղարը: Հանդիպմանը ներկա էին նաև Բահրեյնի ԱԳ նախարարներն ու Կատարի ներկայացուցիչները: