Ադրբեջանը երրորդ երկրի միջոցով Հնդկաստանից զենք գնելու ցանկություն է հայտնել, սակայն Նյու Դելին հայտարարել է, որ ինքնուրույն է որոշում իր առաջնահերթությունները և թույլ չի տա երրորդ երկրի միջնորդությունը, գրել է ThePrint-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Թերթը չի հստակեցրել, թե որ երկրի մասին է խոսքը։ Ըստ տեղեկության, Բաքուն երբեք այս հարցը ուղղակիորեն չի բարձրացրել Հնդկաստանի իշխանությունների հետ։ Փոխարենը երրորդ երկիր դիմել է Հնդկաստանին՝ առաջարկելով արտահանել իր զենքը և երկարաժամկետ գործընկերություն հաստատել Ադրբեջանի հետ։
Բաքուն պատրաստ է պայմաններ առաջարկել, որոնք համեմատելի են այն պայմանագրերի հետ, որոնք Հայաստանը նախկինում կնքել է Հնդկաստանի հետ, ասվում է հրապարակման մեջ։ Այդ կերպ Ադրբեջանի իշխանությունները փորձում են տարածաշրջանում «ուժերի հավասարակշռություն» հաստատել, հավելել է ThePrint-ը։
Հնդկաստանի պաշտպանության հետազոտական թևը (IDRW) հուլիսին հայտնել էր, որ Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենքի խոշորագույն ներկրողը։ Հնդկաստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2024-25 ֆինանսական տարվա սկզբի դրությամբ Հնդկաստանից Հայաստանի զենքի ներմուծման ընդհանուր ծավալը հասել է 600 մլն դոլարի։
2022 թվականի սեպտեմբերին Հայաստանը Հնդկաստանի հետ կնքել էր 244 միլիոն դոլարի զենքի գնման պայմանագիր։ 2023 թվականի օգոստոսին Հնդկաստանը Հայաստանին մատակարարել էր 155 մմ տրամաչափի հրետանային առաջին վեց համակարգերը, որոնց փորձարկումն ավարտվել է 2024 թվականի հոկտեմբերին։ Նոյեմբերի 12-ին The New Indian Express-ը հայտնել էր, որ Հայաստան էր ուղարկվել «Ակաշ» հակաօդային պաշտպանության համակարգի առաջին մարտկոցը։