Դեկտեմբերի 12-ին «Քաղաքացիական պայմանագրի»՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած փակ նիստում ՔՊ ներկայացուցիչները քննադատել են Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին ու Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Ավանեսյանին մեղադրել են կոռուպցիայի մեջ։ ՔՊ անդամները կասկածելի են համարել միլիոնավոր դրամների պայմանագրերը, որոնք Ավանեսյանը կնքել է նորաբաց «Ուիգմոր» կլինիկայի հետ։ Ավանեսյանին մեղադրել են նաև առողջապահության ոլորտում տիրող բարձիթողի վիճակի, քաղաքացիների կողմից հնչող բազմաթիվ դժգոհությունների համար»,- ասված է հրապարակման մեջ։
Նշվում է, որ Ավանեսյանը «փորձել է արդարանալ, սակայն ներկաներին չի համոզել»։ Սիմիդյանին էլ քննադատել են անգործության և բնապահպանական վատ իրավիճակի համար։
«Սիմիդյանին մեղադրել են նաև անթույլատրելի չափով ծառերի հատման համար»,- հավելել է թերթը։
Նոյեմբերի 21-ին «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Փաշինյանը մտադիր է աշխատանքից ազատել Ավանեսյանին։ Ըստ հրապարակման՝ Ավանեսյանից նա դժգոհ է ոլորտի ընդհանուր պետական կառավարման և առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման «ձախողման» պատճառով։