Իշխանությունները Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն ամբողջությամբ եթերազրկելու վերջնական որոշում ունեն, գրել է «Փաստ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ իշխանության ներսում քննարկում են ռուսական ալիքները Հայաստանի մուլտիպլեքսից հեռացնելու հարցը, և գործընթացը կսկսվի հունվարից։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից Armenia Today-ին ո՛չ հերքել, ո՛չ հաստատել են լուրը։
«Նախարարությունն այս պահին նշված թեմայով մեկնաբանություն չունի»,- ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի մամուլի քարտուղար Կարինե Տերտերյանը։
Ապրիլի 15-ին Հայրապետյանը մեկնաբանել էր ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հնարավոր արգելքը։ Նա վստահեցրել էր, որ Հայաստանի նպատակը ոչ թե ռուսական հեռուստաալիքները փակելն է, այլ Երևանի և Մոսկվայի միջև զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության միջկառավարական համաձայնագիրը վերանայելը։
Ապրիլի 10-ին Հայրապետյանը չէր բացառել, որ Հայաստանը կարող է միակողմանի խզել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» միջպետական համաձայնագիրը:
Մարտի 30-ին «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը» (ՀՀՌՑ) հայտնել էր Հայաստանի տարածքում լրագրող Վլադիմիր Սոլովյովի հեղինակած հաղորդումների հեռարձակումն արգելափակելու մասին։