ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մասին «Քաղաքացիական պայմանագրի» վարչության և ակտիվի նիստերում բացահայտումներ են արվել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Փաշինյանը չի հավատացել բացահայտումներին և պահանջել է ներկայացնել փաստեր, որպեսզի չստացվի, թե Հարությունյանին օդում վարկաբեկում են: Հաջորդ նիստին ՔՊ 2-3 պատգամավորներ ներկայացրել են փաստեր՝ փորձելով ապացուցել Փաշինյանին, որ Հարությունյանն իրեն սխալ է ներկայացնում իրավիճակը։ Նրանք ասել են, որ, լինելով վարչապետի մոտ եզակի մուտք ու ելք ունեցող պաշտոնյաներից մեկը՝ հենց նա է թաթախված կոռուպցիայի մեջ»,- ասված է հրապարակման մեջ։
Թերթի տեղեկություններով՝ «թիմակիցներն ասել են, թե Հարությունյանը բարձրաստիճան կարևոր պաշտոններում իր հավատարիմ մարդկանց է նշանակել ու վերահսկում է իրավիճակը կառավարական կաբինետում»:
«Որպես օրինակ՝ ՔՊ պատգամավորները նշել են, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, որտեղ կառավարությունը բաժնեմաս ունի, Հարությունյանը Նարեկ Բաբայանի հետ միանձնյա որոշում է՝ ով աշխատի, ով որքան աշխատավարձ ստանա, ով համագործակցի հանքի հետ, ով մերժվի։ Ներկայացվել է զեկույց, որ Հարությունյանի եղբայրը «ձևական» պաշտոն ունի «Հանքագործների միություն»-ում: Հարությունյանի եղբայրը նաև հավակնում է դառնալ նոր մեդիամագնատ՝ անհավասար մրցակցային պայմաններ ստեղծելով մյուս հեռուստաընկերությունների համար»:
Թերթի աղբյուրները տեղեկացրել են, որ Հարությունյանն այդ նիստերից հետո «իր նշանակած կադրերին հրահանգել է մաքրել փաստաթղթերը, ամեն պահի պատրաստ լինեն արտահերթ ստուգումների»:
«Ազգային ժողովից բողոք կա իմ վրա, պիտի մաքրեք ձեր ոլորտը, թերությունները վերացնեք, որ ամեն պահի, հնարավոր է, ստուգում լինի»,- մեջբերելով Հարությունյանի խոսքը՝ թերթին հայտնել են աղբյուրները։
Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավար էր նշանակվել 2021-ին։ 2018-2020 թվականներին զբաղեցրել էր ԿԳՄՍ նախարարի պաշտոնը, իսկ 2020-ի նոյեմբերին նշանակվել էր վարչապետի գլխավոր խորհրդական։