Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանից պահանջել է ներդրումներ կատարել Լեռնային Ղարաբաղում, այդ մասին Ալիևն ասել է «ՌԻԱ Նովոստիին» և ВГТРК-ին տված հարցազրույցում։
«Բաքուն սպասում է ռուսական ներդրումներին և ուրախ կլինի, որ ռուսական ընկերությունները գան ԼՂ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Նա հայտնել է, որ Արցախում «առաջին ներդրումային ծրագիրն իրականացվել է Թաթարստանի կողմից, որը Ջրականում «Կամազ» սպասարկման կենտրոն է բացել։
«Սա առաջին ներդրումային նախագիծն էր, այսինքն՝ օտարերկրյա ներդրումների առաջին նախագիծը նաև ռուսականն էր։ Այնպես որ, մենք ներդրումների ենք սպասում»,- ասել է նա։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել էր ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ։ Գերեվարվել էին 17-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք էին հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր ժամանել ՀՀ։