Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացահայտել է խաղաղության պայմանագրի այն դրույթների բովանդակությունը, որոնք չեն համաձայնեցվել Երևանի և Բաքվի միջև։ Այս մասին Ալիևը խոսել է «ՌԻԱ Նովոստիին» և ВГТРК-ին տված հարցազրույցում։
Ըստ Ադրբեջանի նախագահի՝ մնում է համաձայնեցնել պայմանագրի՝ Միջազգային դատարաններում կողմերի փոխադարձ պահանջներից հրաժարվելու և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչների տեղակայման արգելքի դրույթները։
Նա հավելել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Կազանում հոկտեմբերի 24-ին կայացած հանդիպման ժամանակ զգացել է, որ Հայաստանը պատրաստ է համաձայնության գալ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարել էր, որ Երևանը չունի միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերը հետ վերցնելու որոշում, նա շարունակում է համապատասխան ընթացակարգերով պահանջվող քայլերը՝ դրանց քննարկումն ապահովելու համար։
Նոյեմբերի 23-ին Փաշինյանը հայտարարել էր, որ եթե Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքվի, Երևանը պատրաստ է փոխադարձության սկզբունքով հրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային պահանջներից։