Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ շուրջ 300 հազար ադրբեջանցի Հայաստան «վերադառնալու» և «վերաբնակվելու» խնդրանքով պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը։ Արբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ այդ մասին Ալիևն ասել է «ՌԻԱ Նովոստիին» և ВГТРК-ին տված հարցազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ «1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին Հայաստանից հեռացած շուրջ 300 հազար ադրբեջանցիների համայնքը Հայաստանի ղեկավարությանը դիմել է իրենց համար վերաինտեգրման պայմաններ ստեղծելու խնդրանքով»։
Ալիևը հավելել է, որ մինչ օրս Հայաստանի ղեկավարությունից պատասխան չեն ստացել։ Ադրբեջանի նախագահը նշել է, թե ադրբեջանցիներն, իբր, իրենց «պատմական հողեր վերադառնալու» իրավունք ունեն։
Դեկտեմբերի 5-ին Ալիևը Երևանին կոչ էր արել ընդունել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի բանակցությունների հրավերը՝ ադրբեջանցիների կողմից հայկական տարածքների բնակեցման վերաբերյալ»։ Բաքուն Հայաստանի տարածքներն անվանել էր «ադրբեջանցիների նախնիների հողեր» և հայերին մեղադրել իրենց «հազարամյա» ժառանգությունը ոչնչացնելու մեջ։
Ապրիլին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել էր 20-րդ դարում Հայաստանից հեռացած ադրբեջանցիների վերադարձի համար պայմաններ ստեղծելու հեռանկարը և նշել, որ դա հնարավոր կլինի խաղաղության պայմանագրի կնքմամբ։
Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր ադրբեջանցիների Հայաստան «վերադարձին» հասնելու ծրագրերի մասին։ Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի խորհրդարանում ստեղծվել էր «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» խումբ։
Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն Armenia Today-ին տված հարցազրույցում էսկալացիայի ռիսկը կապել էր դրա համար գաղափարական հիմքի ստեղծման հետ, որը «վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսությունն է։ Ըստ քաղաքագետի՝ Բաքուն այս հայեցակարգն օգտագործում է Հայաստանը հնարավորինս թուլացնելու իր փորձերի շրջանակում, և դա ուզում է անել հնարավորինս շուտ, քանի դեռ տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը չի փոխվել։
Դեկտեմբերի 6-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել էր ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձի» հարցը բանակցություններում քննարկելու հանգամանքը։