Փաշինյանը խոսել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Բաքու ուղարկված Հայաստանի առաջարկների մասին։
Դեկտեմբերի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի 17 կետից մնում է համաձայնեցնել 2 կետը պայմանագրի՝ Միջազգային դատարաններում կողմերի փոխադարձ պահանջներից հրաժարվելու և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչների տեղակայման արգելքի դրույթները։
Մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներին տեղակայելուց հրաժարվելու մասին Բաքվի առաջարկը, Փաշինյանը նշել է, որ հայկական կողմն առաջարկել է հստակեցնել այս դրույթը։
«Մենք առաջարկում ենք, որ երրորդ երկրների ուժերի չտեղակայման դրույթը տարածվի Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատված հատվածների վրա, և սա տրամաբանական է, որովհետև այդ հատվածներում հենց սահմանազատման բերումով էսկալացիայի ռիսկն էականորեն նվազեցվում է, եթե չասենք նվազագույնի է հասնում», – «Արմենպրեսին» տված հարցազրույցում հայտարարել է նա։
Հայաստանի վարչապետը հավելել է, որ Բաքվի հետ չհամաձայնեցված երկրորդ հոդվածով, եթե խաղաղության պայմանագիր կնքվի, Երևանը պատրաստ է հրաժարվել միջազգային հայցերից։
«Ինչ վերաբերում է միմյանց դեմ ներկայացված հայցերի ետքաշմանը, երբ խաղաղության պայմանագիր է ստորագրվում, դա տրամաբանական է, հետևաբար՝ գաղափարն ընդունելի է մեզ համար»,- հայտարարել է նա։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է ավելի հեռուն գնալ և միջազգային դատական ատյաններում հրաժարվել բուն վեճերից։ Նա ավելացրել է, որ ներկայումս իշխանությունները քննարկում են «անհատական բնույթի հումանիտար խնդիրները» երկկողմ ձևաչափով լուծելու հարցը, բայց չի հստակեցրել, թե ինչ հումանիտար խնդիրների մասին է խոսքը։
«Նկատի ունեմ, որ ոչ միայն միջազգային դատական ատյաններում վեճերը լուծելուց պետք է հրաժարվել, այլև բուն վեճերից: Մենք պատրաստ ենք գնալ նման ճանապարհով: Այս փուլում լուծումներ ենք փնտրում նաև անհատական բնույթի հումանիտար խնդիրների մասով»,- ասել է նա:
Մեկնաբանելով Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու Բաքվի պահանջները՝ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ Սահմանադրության որևէ հոդվածում Լեռնային Ղարաբաղի մասին ոչ ուղղակի, ոչ անուղղակի հիշատակում չկա: Ըստ նրա՝ Հայաստանի Սահմանադրական դատարանը 2024թ. սեպտեմբերի 26-ին կայացրած որոշման մեջ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը վերաբերում է հռչակագրի բացառապես այն դրույթներին, որոնք իրենց բառացի ամրագրումն են ստացել Սահմանադրության հոդվածներում։
Նա նաև հիշեցրել է, որ 1995 թվականի սահմանադրական հանրաքվեին Արցախը չի մասնակցել, ինչպես նաև դրանից հետո տեղի ունեցած ՀՀ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին: «Բացի այդ, եթե ՀՀ Սահմանադրության ադրբեջանական մեկնաբանությունը ճիշտ լիներ, ղարաբաղցի մեր քույրերին եւ եղբայրներին Հայաստանի Հանրապետության կողմից փախստական ճանաչելն անհնար կլիներ»,- ասել է նա։
Փաշինյանը շեշտել է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակում։
«1919թ. նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի՝ Ադրբեջանի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաեւ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռիի, Շիրակի մարզերի տարածքները մասամբ, ՀՀ տարածքի շուրջ 60 տոկոսը: Այսպիսով, Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության»,- նշել է վարչապետը:
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարել էր, որ Երևանը չունի միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերը հետ վերցնելու որոշում, նա շարունակում է համապատասխան ընթացակարգերով պահանջվող քայլերը՝ դրանց քննարկումն ապահովելու համար։
Նոյեմբերի 23-ին Փաշինյանը հայտարարել էր, որ եթե Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքվի, Երևանը պատրաստ է փոխադարձության սկզբունքով հրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային պահանջներից։