ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի վարչակազմը, մինչ պաշտոնավարման ավարտը՝ 2025 թվականի հունվար, կշարունակի աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ուղղությամբ, հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Հարցը շարունակում է մնալ չափազանց կարևոր այս վարչակազմի և Պետքարտուղարի համար, և մենք կշարունակենք աշխատել մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը»,- ասել է նա։
Պատելի խոսքով՝ Վաշինգտոնը փորձում է չկենտրոնանալ այս հարցում հիասթափությունների վրա և կարծում է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը պահանջում է երկար օրերի քրտնաջան աշխատանք։
Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին։ Մինչ այդ Ջո Բայդենն է ԱՄՆ գործող նախագահը, իսկ Էնթոնի Բլինքենը՝ պետքարտուղարը։
Դեկտեմբերի 5-ին Բլինքենն առաջարկել էր Վաշինգտոնի միջնորդությամբ Մալթայում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի շրջանակներում հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև, ինչին Միրզոյանը համաձայնել էր։ Բայրամովը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հրաժարվել էր հանդիպումից՝ Բայդենի վարչակազմի «անարդար և կողմնակալ» քաղաքականության պատճառով։
Նույն օրը Բայրամովը ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստում՝ իր ելույթում, միջազգային կառույցներին կոչ էր արել «չվնասել հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա գործընթացին» և Երևանի հետ բանակցությունները համարել երկկողմ հարաբերությունների կարգավորման «միակ կենսունակ» ձևաչափը։
Փաշինյանի հրամանագրով Ջրային կոմիտեի նախագահն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Գևորգյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, համապատասխան որոշումը հրապարակվել է e-gov.am...