ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Գրեգորի Միքսը և սենատոր Բեն Քարդինն առաջարկել են բանաձև՝ Սիրիայում իշխանափոխությունից հետո կայունություն ապահովելու նպատակով, որտեղ հայերը ճանաչվում են որպես երկրի ազգային, էթնիկ, կրոնական, բնիկ համայնքների և Սիրիայի դարավոր մշակութային ժառանգության անբաժանելի մաս: Բանաձևը հաստատման կներկայացվի Կոնգրեսի ստորին պալատ։
«Ազգային, էթնիկ, կրոնական և լեզվական փոքրամասնությունները, ինչպես նաև բնիկ ժողովուրդները, այդ թվում՝ ալավիները, հայերը, դրուզները, եզդիները, քրդերը, շաբաքները, թուրքմենները և պատմական քրիստոնեական համայնքները (ներառյալ քաղդեացիները, սիրիացիները, ասորիները և մելքիները), ի թիվս այլոց, Սիրիայի բազմադարյա մշակութային ժառանգության անբաժանելի մասն են»,- ասվում է բանաձևի տեքստում։
Միքսն Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ է, իսկ Քարդինը՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է։ Բանաձևի մյուս համահեղինակներից են կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Դինա Թիտուսը, Սառա Ջեյքոբսը և Ջեյսոն Քրոուն, ինչպես նաև սենատորներ Ջին Շահինը, Դիկ Դուրբինը, Թեմմի Դաքվորթը, Ջեֆ Մերքլին և Քրիս Վան Հոլենը:
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Փալոնն ընդգծել է տեղի հայերի իրավունքների պաշտպանության կարևորությունն այլ էթնիկ փոքրամասնությունների հետ միասին՝ որպես իշխանության փոխանցման համար ներառական և խաղաղ անցումային գործընթացի մաս:
«Աջակցելով այս համայնքներին, շարունակելով մեր գործընկերությունը Սիրիայի դեմոկրատական ուժերի հետ և անդրադառնալով անցյալի անարդարություններին՝ վերահաստատում ենք մեր հավատարմությունը կայուն, ժողովրդավարական Սիրիային, որտեղ նրա ողջ ժողովուրդը կարող է բարգավաճել»,- ասել է նա:
Բանաձևում ամերիկացի օրենսդիրներն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերին կոչ են արել ապահովել Սիրիայում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների պաշտպանությունը և աջակցել փոքրամասնությունների կրոնական և էթնիկ համայնքների վերականգնմանը։
Սիրիայում հայկական համայնքն սկսել է ձևավորվել 11-րդ դարում։ Սելջուկների արշավանքից փախած հայերը տեղափոխվել էին Սիրիայի հյուսիսային շրջաններ՝ հաստատվելով Անտիոքի, Հալեպի և Այնթափի թաղամասերում։ Այնուամենայնիվ, 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրածներն էին, որ հիմնեցին ժամանակակից հայ համայնքը:
Սիրիայում 2011 թվականի պատերազմի սկսվելուց առաջ երկրում ապրում էր մոտ 100 հազար հայ։ Դրանց մեծ մասը կենտրոնացած էր Հալեպում (մոտ 60 000), մնացածը՝ Դամասկոսում (մոտ 6-7 հազար), Լաթաքիայում, Քեսաբում, Ղամիշլիում, Հոմսում, Ռաքքայում, Հասակում, Դեյր էզ Զորում և այլ շրջաններում (ավելի քան 30 000)։
Հայաստանի սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ Սիրիայում պատերազմի արդյունքում ավելի քան 60 հազար հայ լքել է երկիրը, որից 25 հազարը տեղափոխվել է Հայաստան։ Այսօր Սիրիայում բնակվում է մոտ 30 000 հայ, որոնց մեծ մասը հաստատվել է Հալեպում։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։
Դեկտեմբերի 8-ին զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Սիրիայի նկատմամբ։ Նույն օրը ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է Սիրիան։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը թողել է պաշտոնը և լքել երկիրը։ ՏԱՍՍ-ն ավելի ուշ գրել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, ՌԴ-ն նրանց ապաստան է տրամադրել։