Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և նշել, որ ակնկալում է հաջորդ տարի ընդունել նրան Հայաստանում, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Փաշինյանի խոսքով՝ Մակրոնի նախագահության օրոք և նրա հանձնառության շնորհիվ է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հատուկ հարաբերությունները վերածվել են «իսկական ռազմավարական գործընկերության»։
Նա նաև շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի և Հայաստանի ինքնիշխանության, կայունության և ժողովրդավարության ամրապնդմանն աջակցելու համար։
«Գալիք տարում Հայաստանում Ձեզ հյուրընկալելու մեծ ակնկալիքով՝ ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը»,- ասված է ուղերձում։
Հուլիսի 19-ին Մակրոնը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում մեկնաբանել էր Փարիզի կողմից Հայաստանին զենք մատակարարելը և նորմալ համարել Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությունը ռազմական ոլորտում։ Նոյեմբերի 7-ին Մակրոնն ու Փաշինյանը քննարկել էին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Հայաստանի վարչապետը մասնակցել էր նաև վերականգնումից հետո Աստվածամոր տաճարի բացմանը, որտեղ հանդիպել էր Մակրոնի և ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ։