Հայաստանը ճանաչում է Կոսովոյի անձնագրերը և համագործակցում՝ առանց անկախությունը ճանաչելու, «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը և Կոսովոն համաձայնություն են ձեռք բերել փոխադարձաբար նախատեսել միմյանց կողմից տրամադրվող անձնագրերով մուտքի վիզայի համար դիմելու հնարավորություն:
Նա նշել է, որ անձնագրերի ճանաչման նպատակը մարդկանց ազատ տեղաշարժի հիմնարար սկզբունքն ապահովելն է:
«Ինչ վերաբերում է երկկողմ փոխգործակցության բնույթին, ապա, ինչպես տեղյակ եք, Հայաստանի և Կոսովոյի միջև առկա երկխոսությունը պահպանվում է տարբեր հարթակներում և մակարդակներով: Երկկողմ հանդիպումների, քննարկումների միջոցով քայլեր են ձեռնարկվում զբոսաշրջային կապերը և մարդկանց միջև շփումներն աշխուժացնելու ուղղությամբ, ինչը չի նշանակում ճանաչում: Նկատենք, որ այս առումով Հայաստանն ամենևին բացառություն չէ. աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ մի շարք ԵՄ անդամ պետություններ, ճանաչում են Կոսովոյի անձնագրերը և ոլորտային համագործակցություն ունեն Կոսովոյի հետ՝ առանց ճանաչման»,- ասել է Բադալյանը:
Դեկտեմբերի 20-ին Կոսովոյի փոխարտգործնախարար Կրեշնիկ Ահմեդին հայտնել էր, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը, այդ թվում՝ սովորական, դիվանագիտական և պաշտոնական։