ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է Արցախի բանակցային գործընթացի թեմայով բանավիճելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին։
«Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլևս գոյություն չունի, և քեզ այլ բան չի մնում այս դառն իրողությունից մեր ժողովրդի ուշադրությունը շեղելու հուսահատ ճիգերից բացի։ Աղմկիր որքան ուզում ես, այս իրողությունն արդեն պատմական փաստ է, որն այլևս ջնջել չի լինի»,- ասել է նախկին նախագահը։
Նա շեշտել է, որ եթե Փաշինյանը ցանկանում է, որ հանրությունն իմանա ողջ ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա կարող է հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված պլանները և հայկական կողմի պատասխանները։
«Քանի որ Արցախի կործանումից հետո այդ գործընթացի խորհրդապահությունը կորցրել է իմաստը, առաջարկում եմ հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։
Դա արդեն կլինի իսկական բանավեճ՝ հիմնված փաստերի վրա։ Իսկ եթե դա չանես, ևս մեկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտությունից և զբաղված ես պատմական պատասխանատվությունից փոքրոգիաբար խուսափելու գործով»,- հավելել է Տեր-Պետրոսյանը։
Դեկտեմբերի 23-ին Փաշինյանը Facebook-յան իր էջում գրել էր, որ «հրադադարից հետո՝ 1994 թվականից ի վեր, բանակցային գործընթացը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին էր»։ Նա նշել էր, որ 2018-ին, ծանոթանալով բանակցային գործընթացի բովանդակությանը, «վերը նշվածը միայն ինքն իրեն է խոստովանել, քանի որ հայրենասիրությունը թույլ չի տվել այդ ամենը պարզաբանել ժողովրդին»:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը «սուտ» էր որակել Փաշինյանի հայտարարությունը: Պատգամավորը նրան մեղադրել էր «բանակցային գործընթացը կործանելու և պատմությունը խեղաթյուրելու մեջ»։ ՀՀԿ մամուլի քարտուղար, Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը Փաշինյանի ասածներն «անհեթեթություն ու լկտի սուտ» էր անվանել։ Նրա խոսքով՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թողած բանակցային փաթեթի արդյունքում Արցախի խնդիրը լուծվելու էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման՝ հանրաքվեի միջոցով։
Հայաստանի նախկին նախագահներն արձագանքել էին Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով բանավեճի առաջարկին և մերժել այն։ Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը խորհուրդ էր տվել Նիկոլ Փաշինյան vs Նիկոլ Փաշինյան բանավեճ կազմակերպել։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն ընդգծել էր, որ 2018-24 թվականներին Փաշինյանը Հայաստանում ունեցել է լիարժեք իշխանություն և կրում է բոլոր իրադարձությունների ողջ պատասխանատվությունը։
Սարգսյանի գրասենյակը Փաշինյանին խորհուրդ էր տվել բանավեճեր անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հետ, որոնք «2009-2013 թվականներին հինգ անգամ հայտարարել էին բանակցային ձևաչափի և սկզբունքների մասին, որոնց հիման վրա պետք է լուծվեր Լեռնային Ղարաբաղի խնդիրը:
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ պատրաստ է ընդունել Արցախի բանակցային գործընթացի թեմայով Փաշինյանի հետ բանավիճելու առաջարկը։