«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը կոչ է արել դավադրապաշտական տեսություններ չփնտրել դեկտեմբերի 25-ին ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին և դեկտեմբերի 26-ին ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի չեղարկման մեջ։
«Կարծում եմ՝ պետք չէ մութ սենյակում սև կատու փնտրել, անընդհատ կան շրջանակներ, որոնք դավադրապաշտական բաներով են հանդես գալիս բոլոր պրոցեսների վերաբերյալ»,- ասել է խմբակցության ղեկավարը։
Փաշինյանն այսօր ավելի վաղ տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 23-ին կորոնավիրուսային թեստի դրական պատասխան է ունեցել։
Լրագրողների հարցին՝ պարզաբանել, թե այս դեպքում ինչո՞ւ է Փաշինյանը բանավեճի հրավերներ ուղարկել Հայաստանի նախկին նախագահներին, Կոնջորյանը պատասխանել է, որ բանավեճերը միանգամից չեն տեղի ունենում:
Փաշինյանն այսօր առավոտյան հայտարարել էր ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին իր այցը Covid-ի դրական թեստի պատճառով չեղարկելու մասին։ Նա հայտարարել էր, որ թեստը դրական արդյունք էր ցույց տվել դեկտեմբերի 23-ին, իսկ հետո՝ բացասական։ Փաշինյանն ավելի ուշ հայտարարել էր կրկնակի թեստավորման մասին, որը դրական արդյունք է ցույց տվել։
2023 թվականի դեկտեմբերին Փաշինյանը մասնակցել էր Սանկտ-Պետերբուրգում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։