Ռուսաստանը, որպես հայ դպրոցականների սննդի ապահովման ծրագրի մաս, որն իրականացվում է 2010 թվականից, ծախսել է ավելի քան 68 միլիոն դոլար՝ ներառյալ 2024-2028 թվականների ֆինանսավորումը, դեկտեմբերի 25-ի ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսական հատկացումների շնորհիվ հայկական ավելի քան 1000 դպրոցի տարրական դասարանների աշակերտներն ստանում են բարձրորակ և բալանսավորված սնունդ։ Գրեթե 100 դպրոց տեղադրել է արևային մարտկոցներ։ Սա մեզ թույլ տվեց խնայել մոտ 390 հազար դոլար և այն օգտագործել դպրոցական ենթակառուցվածքները զարգացնելու և աշակերտների սնունդը բարելավելու համար»,- նշել է Զախարովան։
Նա հավելել է, որ 2021 թվականին մեկնարկել է ծրագիր՝ առավել տուժած տարածքների հետկոնֆլիկտային վերակառուցմանն աջակցելու համար:
«Այդ ծրագրերի շրջանակներում տրամադրվում են բնակարաններ, աջակցություն է տրամադրվում գյուղատնտեսական մթերք արտադրողներին, իրականացվում է մարտական գործողությունների մասնակիցների վերաինտեգրում»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Զախարովան մեկնաբանել է նաև Թուրքիայի գործողությունները Սիրիայում։ Նա «ոչ փաստագրված» է համարել Աստանայի պայմանավորվածության շրջանակներում Ռուսաստանի և Իրանի հանդեպ Թուրքիայի պարտավորությունների խախտման հարցը՝ այն վերահասցեագրելով Անկարային։
«Ռուսաստանի զինված ուժերը երկար տարիներ հետ են պահում Սիրիան և ամբողջ տարածաշրջանն իրավիճակի դեգրադացիայից։ Հիմա սա ողբերգություն է: Տեսեք, թե ինչ է կատարվում։ Եվ բոլորը պարզապես փորձում են հասկանալ, թե ինչպե՞ս էր դա հնարավոր և ի՞նչ պետք էր անել, որպեսզի ամեն ինչ չընկներ ինչ-որ համաշխարհային ճգնաժամի մեջ»,- եզրափակել է ռուս դիվանագետը։