Վաշինգտոնն իր պատրաստակամությունն է հայտնել աշխատելու Երևանի և Բաքվի հետ ցանկացած ձևաչափով՝ առաջընթացի հասնելու համար։ ԱՄՆ Պետդեպարտամենտն այսպես է արձագանքել «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության խնդրանքին։
«Միացյալ Նահանգների կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի, որն էական նշանակություն ունի անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասի համար։ Մենք պատրաստ ենք աշխատել երկու կողմերի հետ ցանկացած ձևաչափով, որտեղ երկու կողմերը կարող են պայմանավորվել, թե որտեղ կարող են առաջընթաց գրանցել», – ընդգծել է ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչությունը։
Դեկտեմբերի 5-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջարկել էր Վաշինգտոնի միջնորդությամբ Մալթայում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի շրջանակներում հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև, ինչին Միրզոյանը համաձայնել էր։ Բայրամովը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հրաժարվել էր հանդիպումից՝ Բայդենի վարչակազմի «անարդար և կողմնակալ» քաղաքականության պատճառով։
Նույն օրը Բայրամովը ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստում՝ իր ելույթում, միջազգային կառույցներին կոչ էր արել «չվնասել հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա գործընթացին» և Երևանի հետ բանակցությունները համարել երկկողմ հարաբերությունների կարգավորման «միակ կենսունակ» ձևաչափը։
Բլինքենի վարչակազմը հայտարարել էր, որ մինչ պաշտոնավարման ավարտը՝ 2025 թվականի հունվար, կշարունակի աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ուղղությամբ։