Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն իր Սուրբ Ծննդյան ուղերձում կոչ է արել հայ ժողովրդին համախմբվել, հզորացնել Հայաստանը և վերականգնել Սիրիայում և Լիբանանում հայկական համայնքները։
Նա նշել է, որ քաղաքական, տնտեսական, բնապահպանական սպառնալիքները, ինչպես նաև պատերազմների հետևանքները ամենուր հուսահատության և անորոշության մթնոլորտ են ստեղծում, և հայությունն այսօր ապրում է այս պայմաններում։
Կաթողիկոսի խոսքով, Հայաստանում «Արցախի կորուստը, ցեղասպան հարևանների ամբարտավանությունը, շարունակվող արտագաղթը և արժեքների կորուստը ստեղծել են անորոշ իրավիճակ և հուսահատության մթնոլորտ»։
Իր հերթին Սփյուռքը նույնպես անորոշության մեջ է։ Արամ Ա-ն հայտարարել է, որ արևմտյան երկրների համայնքները գտնվում են այնպիսի պայմաններում, որոնք արագորեն զրկում են իրենց հայկական ինքնությունից։ Սիրիայի և Լիբանանի հայ համայնքները շարունակում են զգալ այդ երկրներում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքները, մասնավորապես՝ սոցիալ-տնտեսական ոլորտում։
Կաթողիկոսը կոչ է արել իրատեսության և սպառնալիքներին համբերությամբ ու իմաստությամբ դիմակայելու՝ ընդգծելով ազգի ուժերը համախմբելու անհրաժեշտությունը՝ պայքարելու «մեր հայրենիքին և մեր գոյությանը սպառնացող վտանգների դեմ»։ Ըստ Արամ Առաջինի՝ Հայաստանի հզորացումը պետք է դիտարկել որպես բարձրագույն իդեալ, այլ ոչ թե անձերի ու իշխանությունների կողմից որոշված։
Նա ընդգծել է, որ Լիբանանում և Սիրիայում հայկական համայնքների վերականգնումը պետք է դառնա ազգային առաջնահերթություն։ Կաթողիկոսը նշել է այս համայնքների առանձնահատուկ պատմական, քաղաքական և կրոնական նշանակությունն ու դերը հայ ժողովրդի, Հայաստանի և տարածաշրջանի պետությունների համար։