Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայից պահանջել է վերջ դնել այն քայլերին, որոնք չեն ծառայում խաղաղությանը և խաթարում են Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունությանը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ելիսեյան պալատում Ֆրանսիայի դեսպանների և դիվանագետների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի հասցեին հնչեցրած մեղադրանքներին։
«Ֆրանսիայի նախագահի անհիմն և սադրիչ հայտարարություններն Ադրբեջանի դեմ անընդունելի են։ Դրանք խեղաթյուրում են իրական փաստերը»,- ընդգծել է Հաջիզադեն։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության իրական պայմաններ են ստեղծվել, և այդ ֆոնին Բաքուն «խստորեն դատապարտում է Ֆրանսիայի սադրիչ հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Ադրբեջանի ինքնիշխանությունը նրա տարածքների նկատմամբ»։
Հունվարի 6-ին Մակրոնն ասել էր, որ «Ռուսաստանն աջակցել է Հայաստանի դեմ Ադրբեջանի գործողություններին և փոխել դաշինքը»։ Ֆրանսիայի նախագահը նաև նշել էր Բաքվի միջամտությունը Ֆրանսիայի անդրծովյան տարածքներին։ Նա շեշտել էր, որ «Ֆրանսիան վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից ենթարկվել է անընդունելի միջամտության, քանի որ պաշտպանում է միջազգային իրավունքը և Հայաստանին»։