Քաղաքացիական պայմանագրի նախկին, ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը ներկայացրել է «Միացյալ ազգային սահմանադրական կուսակցության» ծրագրի նախագիծը։
Ըստ նախագծի՝ ողջ հայության ներուժի համախմբումը հանուն Հայաստանի Հանրապետության գերխնդիր է։
«ՀՀ հասարակական, քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում՝ պետականաշինություն, տնտեսություն, առողջապահություն, կրթություն, պաշտպանություն, կոռուպցիայի դեմ պայքարի և այլն ցանկալի հաջողությունների հասնելու և արձանագրված ձեռքբերումները շարունակական զարգացնելու ու խորացնելու համար անկյունաքարային ու արժեհամակարգային սկզբունք է ինստիտուցիոնալիզմը։ Մարդու գործոնը բոլոր հարաբերություններում, որպես քաղաքացու մոտ ու քաղաքացու նկատմամբ բացասական վարքագծի գեներացման էլեմենտ պետք է հասցվի մինիմումի»,- նշված է նախագծում։
Ըստ դրա՝ տարբեր բնագավառներում ինստիտուցիոնալիզմի աստիճանը գնահատելու համար պետք է սահմանել ցուցիչներ և դրանց հաշվարկների համար հիմք ընդունել 100 միավորանոց համակարգ։
«Օրինակ, եթե ասում ենք, որ Պետական Եկամուտների կոմիտեի համակարգում ինսուբը հավասար է 0 օբսուբի, ուրեմն կատաստրոֆիկ վիճակ է, իսկ եթե ինսուբը հավասար է 100 օբսուբի, ուրեմն ամեն ինչ իդեալական է»,- ասված է նախագծում։
Նշվում է, որ պետք է մշակել միասնական գնահատման համակարգ ըստ ոլորտների ինսուբի հաշվարկման համար։ Այդ ոլորտներն են կոռուպցիայի դեմ պայքարը, վարչական իրավախախտումները, տնտեսությունը, առողջապահությունը, կրթությունը սոցիալական ապահովությունը, արտաքին հարաբերությունները, Հայաստան-Սփյուռքը։
Աղազարյանը առաջարկում է «Երկպալատանի խորհրդարանական» համակարգ ձևավորել։ «Ստորին պալատը պետք է լինի այսօրվա Ազգային Ժողովը։ Վերին պալատը պետք է ձևավորվի ողջ աշխարհի հայության կողմից, ներառյալ Հայաստանի Հանրապետությունը»,- նշել է նա։
Նրա կարծիքեվ՝ այս նպատակին հնարավոր չէ հասնել կարճաժամկետ հատվածում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով, ինչպես նաև միջազգային իրավական հարաբերություններով պայմանավորված։
«Որպես առաջին քայլ՝ պետք է օրենսդրական ճանապարհով իրականացնել փոփոխություններ «Հանրային խորհրդի» կառուցվածքի և ձևավորման կարգավորումներում, ինչպես նաև իրականացնել փոփոխություններ լիազորությունների տիրույթում՝ վերը նշված նպատակին համահունչ»,- ասված է նախագծում։
Ինչ վերաբերում է պաշտպանությանը, ապա տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար ըստ նախածի, էական նշանակություն ունի երկրի պաշտպանունակության բարձրացումը։
«Այս խնդրի լուծումն էլ էականորեն պայմանավորված է ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմամբ։
Շատ կարևոր և արդիական հարց է զորակոչային օրենսդրության արմատական բարեփոխումը»,- նշված է ծրագրում։
Աղազարյանը Կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի ընդլայնված նիստի մասին հայտարարել էր հունվարի 3-ին։