Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Արմենպրեսին» մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, որոնցում նա Հայաստանը «տարածաշրջանի համար սպառնալիքի աղբյուր» և «ֆաշիստական պետություն» էր անվանել։
Փաշինյանը նշել է, որ նման հայտարարություններ Բաքուն անում է ակնկալիքով, որ Երևանն ագրեսիվ պատասխան հնչեցնի, ինչը Բքվին թույլ կտա ավելի ագրեսիվացնել հռետորաբանությունը։ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը չի գնա այդ ճանապարհով:
«Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, թե Երևանից կհնչեն ագրեսիվ պատասխաններ, ինչը Բաքվին հնարավորություն կտա ավելի ագրեսիվացնել սեփական հայտարարությունները՝ սա զուգորդելով Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին կեղծ տեղեկությունների տարածմամբ՝ տարածաշրջանում նոր էսկալացիայի «հիմնավորում» ձևավորելու համար: Մենք չենք գնալու այս ճանապարհով, հավատարիմ ենք մնալու խաղաղության ռազմավարությանը»,- ասել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ Բաքվի հաշվարկով Հայաստանի արձագանքը կլինի «ֆաշիստը դու ես» տրամաբանության ներքո։ Սակայն, ըստ Փաշինյանի, պետք է փորձել հասկանալ, թե ի՞նչն է դրա պատճառը, որ Ադրբեջանում Հայաստանի մասին այսպիսի ընկալում կա։
Փաշինյանի կարծիքով՝ խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված հոդվածների մի մասը փակում է այդ ընկալումներից մի մասի էջը, մյուս մասերով էլ հնարավորություն է տալիս, որ բոլոր փոխադարձ բացասական ընկալումները երկկողմ օրակարգի մաս դառնան և հասցեագրվեն։
Վարչապետը նաև հայտարարել է, որ Երևանը Բաքվին խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածի վերաբերյալ լուծումներ է առաջարկել և Ադրբեջանի դրական պատասխանի դեպքում պատրաստ է ստորագրել պայմանագիրը:
Փաշինյանը հավելել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծից բացի տրանսպորտային կոմունիկացիաների բացման վերաբերյալ օրակարգում այլ նախագիծ չկա։ Նա այդպես է մեկնաբանել Ալիևի հայտարարությունը, թե «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և կբացվի, Հայաստանը չպետք է «աշխարհագրական պատնեշ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև»։
Ալիևը հունվարի 7-ին հայտարարել էր, որ Հայաստանի սպառազինումը «միայն նոր լարվածության կհանգեցնի»։ Նա նաև հայտարարել է, որ «ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Այն կկործանվի կա՛մ Հայաստանի ղեկավարության, կա՛մ մեր կողմից»։