Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջող է անվանել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) գործունեությունը հակահետախուզության ոլորտում։
«Մենք այդքան քաղաքական մակարդակներում խոսել ենք գործակալական ցանցերի մասին, խոսել ենք 5-րդ շարասյուների մասին, բայց Ազգային անվտանգության ծառայությանը նախորդ տարիներին հաջողվել է շատ, կներեք, նույնիսկ անհավանական թվացող մեծության ցանցեր բացահայտել: Եվ սա, կարծում եմ՝ ծառայության գործունակության և զարգացման ևս շատ կարևոր ապացույց է»,- Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին ասել է նա։
ԱԱԾ-ն, ըստ վարչապետի, կանխել է նաև «շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ»։
«Իհարկե, շատերի համար սա ընդամենը կարճ լրատվական հաղորդագրություն է, երբեմն ընդամենը մեկ-երկու օր, գուցե մի շաբաթ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ակտիվ շրջանառվող, բայց կարծում եմ, շատերը չեն պատկերացնում, թե ինչ ահռելի աշխատանք է ընկած այս ամենի հետևում: Բայց այստեղ ուզում եմ ընդգծել, որ հենց այս հանգամանքն է կարևոր»,- ասել է նա։
Նա հայտարարել է, որ վերջին տարիներին զգալիորեն ավելացել է ԱԱԾ-ի ֆինանսավորումը, ինչն արտահայտվում է ենթակառուցվածքների, կարողությունների զարգացմամբ, Ազգային անվտանգության ծառայության աշխատողների սոցիալական երաշխիքների բարելավմամբ:
Փաշինյանն ընդգծել է նաև հատուկ ստորաբաժանման ստեղծումը և զարգացումը, որի առանցքային և կարևոր նպատակներից մեկը Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացիաների և ընդհանրապես ենթակառուցվածքների գործունեության ապահովումն է:
Բացի այդ, կառավարության ղեկավարն ասել է, որ ներկայումս Ազգային անվտանգության ծառայությունը կադրային ոլորտում, հենվելով փորձառու կադրերի վրա, սկսել է ծառայության թարմացման գործընթացը։ Ըստ Փաշինյանի՝ վերջին տարիներին, այդ թվում՝ իրականացված որոշ բարեփոխումների և որոշումների արդյունքում երիտասարդ կադրերի բավականին տեսանելի հոսք կա դեպի ԱԱԾ։
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառման ընթացքում, հայրենիքի անվտանգության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Փաշինյանն ԱԱԾ մի խումբ աշխատակիցների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: